Առանց տարբեր տեսակի լվացքի փոշիների, սպասք լվանալու համար նախատեսված հեղուկների, հնարավոր չէ պատկերացնել տնային տնտեսուհիների առօրյան: Իսկ թե դրանք ի՞նչ բաղադրություն ունեն և արդյո՞ք ինչ-որ վնասակար նյութեր պարունակում են, փորձեցինք պարզել ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի «Օրգանական քիմիայի» ամբիոնի մագիստրանտ Լիլիթ Մնոյանից:
«Մենք մաքրության ենք ձգտում` վնասելով մեր առողջությունը: Սինթետիկ լվացող միջոցների մեծ մասը պարունակում են վտանգավոր նյութեր, որոնք առաջացնում են մաշկի գրգռվածություն, աչքերի և քթի լորձաթաղանթի բորբոքում, հազ, նույնիսկ քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականություն»,- ասում է նա:
45-ամյա տիկին Էմման զարմանում է. «Ինչպե՞ս կարելի է լվանալ, օրինակ ափսեները՝ հատկապես յուղոտ, առանց համապատասխան հեղուկի: Չէ՞ որ չի մաքրվի»: Իսկ հարցին՝ տեղյա՞կ է, որ այդ հեղուկները պարունակում են վնասակար նյութեր, պատասխանում է. «Իհարկե, գիտեմ, բայց դե առանց լվացող հեղուկների էլ հնարավոր չէ, ինքս զզվում եմ առանց հեղուկի լվացված ափսեից օգտվել, կարծես կեղտոտ լինի»:
Լիլիթ Մնոյանի խոսքով՝ ոչ թե պետք է հրաժարվել դրանք օգտագործելուց, այլ պարզապես գնելիս մի քիչ ուշադիր լինել, թե ինչ է գրված տուփի վրա: «Քանի որ շատ տերմիններ կանանց, գուցե, ոչինչ չասեն, ես ներկայացնեմ մի քանի անուններ, որոնք տվյալ հեղուկի բաղադրության մեջ առկա լինելու դեպքում, պետք է հրաժարվել գնելուց: Հատկապես վնասակար են անիոնային, նատրիումի հիպոքլորիտ, նավթային դիստիլյատներ, անուշադրի սպիրտ, ֆենոլներ, կրեզոլներ և նիտրոբենզոլ պարունակող միջոցները: Այս նյութերի ազդեցության հետևանքով կարող են առաջանալ սրտանոթային հիվանդություններ, մարսողական և նյարդային համակարգերի խանգարում, տեսողության խանգարում, սակավարյունություն և այլն»,-ասում է նա: Ավելացնում է՝ այդ նյութերը դժվարությամբ են մաքրվում` նույնիսկ մի քանի անգամ հոսող ջրի տակ լվանալու դեպքում: Իսկ եթե սպասքը լվացել ենք այնպիսի հեղուկով, որը պարունակում է վերոնշյալ նյութերից ինչ-որ մեկը, ապա հեշտությամբ թունավոր նյութերը սննդի հետ հայտնվում են մարդկանց օրգանիզմում և դառնում տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ: Փորձեցինք կանանցից պարզել՝ ի՞նչ սկզբունքով են ընտրում սպասք լվանալու պարագաներ: «Հիմնականում փորձում եմ, եթե տեսնում եմ, որ ձեռքերս չի վնասում և լավ մաքրում է, շարունակում եմ միշտ նույնից գնել»,- ասում է 40-ամյա Լենան, ավելացնում՝ սպասք լվանալու հեղուկի բաղադրությանն էլ առանձնապես ուշադրություն չի դարձնում: Լիլիթ Մնոյանի հավաստմամբ նույնը կարելի է ասել նաև լվացքի փոշիների դեպքում. «Ինչքան էլ լավ պարզաջրենք հագուստը, այնուամենայնիվ, փոշու մի մասը մնում է հագուստի վրա: Հագնելու դեպքում մաշկը շփվում է հագուստի հետ, և մաշկի ծակոտիների միջոցով թունավոր նյութերը անցնում են օրգանիզմ»: Լիլիթ Մնոյանը չբացառեց նաեւ լվացքի փոշիով մանկական շորերը լվանալու վնասակար լինելը: Մանկաբույժ Անահիտ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Չի կարելի մանկան շորերը լվանալ լվացքի փոշիով, քանի որ երեխայի մաշկը շատ նուրբ է և զգայուն, շփվելով լվացքի փոշիով լվացված շորի հետ, երեխայի մաշկին կառաջանա կարմրություն, քոր, ինչպես նաև՝ փոշին կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ»:
Բարդություններից խուսափելու համար Լիլիթ Մնոյանը խորհուրդ է տալիս քիմիական հեղուկներ և փոշի քիչ քանակությամբ օգտագործել. «Մեկ-մեկ մեր կանայք մի բուռ փոշի կամ աման լվանալու հեղուկ են լցնում և մտածում, որ շատ լցնելու դեպքում ավելի լավ կմաքրվի, այնինչ պետք է քիչ լցնել և հաճախ էլ դրանք փոխարինել սովորական սոդայով»:
Անի Ենոքյան