Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ երազել էին նախկին Օմբուդսմենները` գործողը կունենա

Հունվար 19,2012 16:33

Եվրոպական միության եւ ԵԱՀԿ-ն հայտարարել են, որ կաջակցեն Հայաստանում 2012 և 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, եւ այդ նպատակով հատկացվելիք 1.7 միլիոն եվրոյի մի մասն ուղղվելու է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացմանն ու աշխարհագրական տեղակայության ընդլայնմանը: Կֆինանսավորվի ՄԻՊ եւս 6 մարզային գրասենյակների բացումը:

Aravot.am-ը ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրեց մանրամասնել ընտրությունների համատեքստում ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ ակնկալվող համագործակցության շրջանակը: «Երբ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ այդ համագործակցությունն ավելի կոնկրետ լինի, եւ դրա վերաբերյալ մեր պայմանագիրը վերջնական տեսք ունենա, իհարկե, այդ համագործակցության վերաբերյալ ավելի մանրամասն կներկայացնենք հանրությանը: Իսկ առայժմ ասեմ, որ մենք վաղուց ուզում էինք մարզային գրասենյակներ հիմնել, նաեւ նախկին Օմբուդսմեններն են երկար ժամանակ դա խնդրել, համոզել եւ երազել: Հիմա մենք դա անելու հնարավորություն ունենք: Եթե իսկապես այդ պայմանագրերը ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ ստորագրվեն, իհարկե, հատկապես մարզային գրասենյակներ, որոնց ֆինանսավորումը ստանում ենք հատկապես ընտրությունների հետ կապված՝ կսկսեն գործել: Դրանք կլինեն ոչ միայն ընտրական, այլեւ մարդկանց որեւէ իրավունքի խախտմանն արձագանքելու, եւ դրանք վերականգնելու համար»:

Արդյոք այդ գրասենյակները ժամանակավո՞ր են լինելու եւ գործելու են միայն ընտրությունների՞ ընթացքում: Այս հարցի առնչությամբ Կարեն Անդրեասյանն ասաց, թե ՄԻՊ գրասենյակը ժամանակին խնդրել էր կառավարությանն այս տարվա բյուջեով որոշակի գումար հատկացնել մարզերում մի քանի գրասենյակներ բացելու նպատակով, բայց մերժում է ստացել. «Հիմա եթե ունենանք այդ համաձայնագիրը, ապա 19 ամիս մենք կունենանք նաեւ այդ գրասենյակների ֆինանսավորումը: Իմ ցանկությունն ու ակնկալիքն է, որ ՀՀ պետբյուջեով հաջորդ տարիներին այդ գրասենյակները, որոնք հիմնվել են միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, ֆինանսավորվեն պետբյուջեով եւ գործեն ոչ թե 19 ամիս, այլ այսուհետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031