ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նամակ է հղել հռչակավոր ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիին:
«Մենք մտածում ենք ձեր մասին եւ գիտենք, որ այսօր դուք ավելի ուժեղ եք, քան երբեւէ: Մենք հավատում ենք, որ այն եռանդը, որով դուք աշխատում եք Black Sabbath-ի նոր ձայնասկավառակի վրա` ձեզ հավելյալ ուժեր եւ էներգիա կհաղորդի: Ես մեծ ջերմությամբ եմ հիշում Հայաստանում մեր հանդիպումը: Հիացած եմ ձեր աշխատանքով, եւ վստահ եմ, որ ունեք ներքին ուժ եւ դժվարությունները հաղթահարելու վճռականություն: Իմ եւ Հայաստանում Ձեր հազարավոր երկրպագուների անունից մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին ամենայն բարիք», – ասվում է վարչապետի նամակում:
Հունվարի սկզբին հայտարարվել էր, որ Թոնի Այոմիի մոտ հայտնաբերվել է լիմֆոմա վաղ փուլում եւ ներկայումս երաժշտի բուժման պլանն է մշակվում: Չնայած դրան, 2011 թվականի վերջին դասական կազմով վերամիավորված Black Sabbath խումբը շարունակում է աշխատանքները նոր ալբոմի վրա: Ամեն օր Թոնի Այոմին բազմաթիվ աջակցության նամակներ է ստանում աշխարհի տարբեր մասերից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009 թվականի հոկտեմբերին Երեւանում Պատվո Շքանշան շնորհեց Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին, Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանին, Asia-ի ստեղնահար Ջեֆ Դաունսին եւ Rock Aid Armenia նախագծի կազմակերպիչ Ջոն Դիին: 1989 թվականին այս եւ այլ ռոք-երաժիշտներ ալբոմ թողարկեցին` երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու համար:
Կարդացեք նաև
2009 թվականի հոկտեմբերին ռոք-աստղերը ժամանել էին Հայաստան` Մեդիամաքս-ի եւ ավստրալիական Do Something կազմակերպության կազմակերպված Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագծի շրջանակներում: