Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկաներից եւ ոչ մեկը դեռ չի տվել Մարգար Օհանյանի անունը

Հունվար 19,2012 14:48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացավ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի , Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Մ. Օհանյանը դատաքննությունից հետո՝ մինչ կտարվեր արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, լրագրողներին բարձրաձայնեց, որ լավ է, առողջությունը նորմալ եւ ասաց. «Սպասեք ցուցմունքիս, այն ժամանակ էլ հայտարություն կլինի»:

Այսօր դատարանը լսեց վկաներ՝ այն ժամանակ ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանին, վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանին, 2-դ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանին եւ ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի ավագ տեսուչ Եփրեմ Ստեփանյանին:

Վկաներն, ըստ էության, տեղեկացրին աշխատանքի կազմակերպման նպատակով Ստեփան Կարախանյանից ստացած վառելիքի մասին:

Վկա Վարդան Նարգիզյանն ասաց, որ յուրաքանչյուր ամիս ստացել է բենզին եւ սպասարկել են Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Ալավերդիի տարածքները:

4,5 հազար լիտրի փոխարեն, ըստ վկայի, իրենք հաշվետվություն են ներկայացրել 12 կամ 14 000 լիտրի:

Մեղադրող Հարություն Հարությույանի հարցին, թե «Փորձե՞լ եք ճշտել, թե ինչու էր պակաս տրվում»,-վկան պատասխանեց, թե Կարախանյանն  ասել էր, կստանանք՝ կտանք:

Հաջորդ հարցին՝ թե «Կարախանյանի հետ զրույցի ժամանակ շոշափվե՞լ է Օհանյանի անունը»՝ բացասական պատասխան տրվեց:

Վկա Արամ Գալստյանն էլ հայտնեց, որ 52 աշխատողով եւ 21 ավտոմեքենայով սպասարկել է Վայոց ձորի տարածքը: Յուրաքանչյուր ամիս ստացել են 4100 լիտր , բայց ցույց են տվել 1,7 տոննա: Նա ասաց, որ բենզինի քանակը ավելի  է ցույց տվել Ստեփան Կարախանյանի հանձնարարությամբ: Ըստ նրա, Ստեփան Կարախանյանի հետ ունեցել է խոսակցություն, ծախսը ավելի էին ցույց տալիս, որպեսզի անվադողով փոխեին: Իսկ երբ մեղադրողը հարցրեց. «Այդ մասին տեղեկացրե՞լ եք ՃՈ պետին» , ճանապարհային ոստիկանը պատասխանեց. «Պետին չեմ զեկուցել, սխալ եմ արել»:

Ի դեպ, այս վկան առաջին անգամ ցուցմունք էր տվել հատուկ քննչական ծառայությանը 2011թ. սեպտեմբերի 13-ին: Նա թվեր էր հիշել՝ կապված 2009- 2010 թվականների հետ: Սակայն դատարանում չէր հիշում, երբ իր տված ցուցմունքից անցել էր 3-4 ամիս: Խոսքը յուրաքանչյուր ամիս ստացված վառելանյութի քանակի մասին էր: Նա ասաց, թե 4500 լիտր են ստացել, ինչի պատճառով էլ հրապարակվեց նախաքննական ցուցմունքի այդ հատվածը. պարզվեց 4100 է ասել: «Հիշողությունով եմ ասում»,- արդարացավ վկան:

Նախորդ դատական նիստին էլ հարցաքննեցին 4 վկայի: Այսինքն, դատակոչվելիք 20 վկաներից 8-ի բացատրությունները լսվել են: Սակայն որեւէ մեկը դեռ չի հայտնել, թե այս ամենի հետ կապ ունի ճանապարհային ոստիկանության նախկին պետը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ «Հենարանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031