ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այսօր հրավիրած համատեղ ասուլիսում ներկայացրին, թե 1.7 մլն եվրոյով Հայաստանում ընտրություններին նախապատրաստվելու համար ինչ պետք է անեն:
Լրագրողների հարցին` ինչպե՞ս եք իրականացնելու այդ գումարների վերահսկումը, որ գնա կոնկրետ ծրագրի իրականացմանը, ոչ թե մեր չինովնիկների գրպանները` ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան վստահեցրին, թե այն որեւէ մեկի գրպանը չի կարող մտնել, քանի որ այդ գումարը չի փոխանցվելու որեւէ կառույցի, որ իրենք իրականացնեն գնումները, կազմակեպելու է ԵԱՀԿ-ն ինքը. «ԵԱՀԿ–ի հաշիվներից անմիջապես մասնագետներին են փոխանցվելու եւ չեն կարող մտնել ինչ–որ մեկի գրպանը: Ի վերջո ԶԼՄ–ներն էլ պետք է վերահսկեն, որ սխալները, հնարավոր թերացումները հավուր պատշաճի լուսաբանվեն եւ ներկայացվեն մեր ուշադրությանը»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ներքաղաքական կյանքի մթնոլորտն արդյոք բարենպա՞ստ է արդար ընտրություններ անցկացնելու համար: Պարոն Հոֆստրայի ներկայացմամբ` «Եվրոպայում էլ են ժամանակ առ ժամանակ բռնկվում, բայց ոչ այն սրությամբ, ինչպես որ Հայաստանում: Բայց դա մեր քննարկելիքը չէ. ներկա համակարգերով էլ կամ դրանց որոշակի համադրությամբ էլ հնարավոր է անցկացնել կատարյալ ընտրություններ»:
Իսկ ԵՄ ներկայացուցիչն էլ վստահեցրեց, որ դա Հայաստանի ներքին բանավեճի թեման է, եւ իրենց քննարկելիքը չէ. «Եթե լինում է ներքին լարվածություն, մենք հետեւում ենք, բայց դրան անդրադառնալը մեր խնդիրը չէ, ամեն տեղ էլ լինում են ներպետական նման քննարկումներ եւ լարվածություն: Ընտրություններից հետո կլինեն թեկնածուներ, ուժեր, որոնք հիասթափված կլինեն արդյունքից, բայց կուսակցությունները պետք է այդ երեւույթը հաղթահարեն եւ նախապատրաստվեն հաջորդ ընտրութուններին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ