Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քննություններ գումարած ռուսերենի հաղթարշա՞վ

Հունվար 19,2012 14:15

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից  սկսվում է առաջին փուլի միասնական եւ կենտրոնացված քննությունների հայտագրումը, իսկ  մարտի 15-ից հետո տվյալների բազավորման եւ ճշգրտման փուլն է: Ըստ ԳԹԿ բաժնի պետի, այս տարի որոշ փոփոխություններ են մտցվել շրջանավարտի դիմում-հայտի տեքստում. «Իր դպրոցում հայտը լրացնելիս շրջանավարտը  միասնական քննությունների հետ մեկտեղ նշում է նաեւ բանավոր քննությունները եւ մուծումը կատարում է բանավորի համար նույնպես, ինչը նախորդ տարիներին անում էր բուհում՝ գործերը հանձնելիս»:

Պարոն Նասիբյանը տեղեկացրեց մեկ այլ  փոփոխության մասին. կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին «հայտնվել»  է նաեւ ռուսաց լեզուն: Այսինքն, եթե  նախկինում շրջանավարտը որպես օտար լեզու հանձնում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն եւ այլն, ապա դիցուք տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվելու համար արդեն բավարար է հայոց լեզու եւ մաթեմատիկա միասնական քննություն հանձնելը՝ գումարած ռուսերենը:

Պարոն Նասիբյանից հետաքրքրվեցինք՝ իրական հիմք ունե՞ն այն լուրերը, թե քննությունների ժամկետներում փոփոխություններ են գրանցվելու, եւ քննությունները ծառայեցվելու են նախընտրական նպատակներով: Բաժնի պետը պատասխանեց, որ միասնական քննությունների  առաջին եւ երկրորդ փուլում ժամանակացույցը չի փոխվում, ԳԹԿ-ի, ԿԳ եւ պաշտպանության նախարարությունների հետ համատեղ քննարկվում  է ժամկետների փոփոխությունը՝  միայն բանավոր (կենտրոնացված) եւ ներբուհական քննությունների «մասով», ինչը, ԳԹԿ ներկայացուցչի խոսքով, արվում է հօգուտ երեխաների:

«Նախկինում, անկախ նրանից՝ դիմորդը հանձնե՞լ էր քննություն, թե՝ ոչ, եթե 18 տարին լրացել էր, զորակոչում էին բանակ, հիմա չի բացառվում, որ վճարովի ընդունված երեխաները բանակ գնան միայն բուհ ընդունվածների ցուցակը կախելուց հետո, իսկ անվճար ընդունվածները չեն զորակոչվելու»,-հայտնեց Կարո Նասիբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031