Այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան հրավիրած ասուլիսում ներկայացրին, թե ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի համատեղ ծրագրով հատկացրած 1.7 մլն եվրոն ինչպես պետք է ծախսվի: Նշենք, որ ֆինանսավորումը կատարելու է ԵՄ-ն, իսկ իրականացնելու է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
Պարոն Հոֆստրան շեշտեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դիտարկում չի իրականացնելու, այն միայն օժանդակում է իշխանություններին, կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը` ընտրություններին նախապատրաստման հարցում, իսկ մոնիտորինգային զեկույցների բովանդակության վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Ինչ վերաբերում է ԵՄ-ԵԱՀԿ համատեղ ծրագրին՝ ԿԸՀ-ին, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությանը տալու են համակարգիչներ, կապի միջոցներ, վերապատրաստելու են տեղամասային եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին, իրենց իրավունքների մասին տեղեկացնելու են քաղաքացիական հասարակությանը, եւ ՄԻՊ-ի գրասենյակը հասանելի են դարձնելու մարզերի բնակչությանը` նրանց տալով համակարգիչներ, ավտոմեքենաներ:
Պարոն Հոֆստրայի խոսքերով` «Այստեղ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի շահերը համընկնում են: Չենք ուզում, որ ՄԻՊ-ին վերածեն ընտրական դեպքերի լուծման այլընտրանքային մեխանիզմի, դրանք այլ մարմնին վերապահված իրավունքներն են, որովհետեւ ՄԻՊ-ը նրա համար է, որ ուղղորդի, ներկայացնի բողոքները համապատասխան մարմինների ուշադրությանը»:
Հարցին` արդյոք ընտրական գործընթացներում ոստիկանության արհեստավարժ գործունեությունը պայմանավորված է միայն տեխնիկական աջակցությա՞մբ` ԵԱՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ոստիկանության համարժեք եւ արհեստավարժ գործունեություն ապահովելը, դուք իրավացի եք, միայն սարքավորումների հետ կապված չէ, բնականաբար` նաեւ ուսուցման եւ մոնիտորինգի: Պիտի ասեմ, որ վերջին 1.5-2 տարիներին բավականին հաջող կերպով համագործակցում ենք հասարակական կարգի պահպանման չափանիշների բարելավման ուղղությամբ: Հասարակական կարգի պահպանման աշխատանքների համար բերել ենք միջազգային մասնագետի, որը հավաքների կազմակերպման ժամանակ է դասընթացներ արել ոստիկանների հետ: Մտածում ենք ընտրություններից առաջ էլ փորձագետին բերել Հայաստան»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ տեխնիկան տրամադրելու են միայն վիզաների վարչությանը, ոչ թե հասարակական կարգը պահպանող ոստիկաններին` չբացառելով, որ տեխնիկական աջակցությունից հետո էլ կարող են լինել ընտրողներ, որոնք ցուցակներում իրենց անունը չեն գտնի կամ կլինեն պոտենցիալ ընտրողներ,ովքեր ցուցակում կլինեն, բայց երկրում չեն լինի. «Բայց դա արդեն ոստիկանության մեղքը չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ