Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ 7 գրքույկներից ու խտասալիկներից կազմված «Գրպանի երգարան» մատենաշարի շնորհանդեսը: Առաջին իսկ րոպեներից (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Լեւոն Իվանյան) փորձ էր արվում մատենաշարը ներկայացնել հավուր պատշաճի, ինչը գրեթե ստացվում էր, քանի որ երգարանում իսկապես ներառված են հայ իրականության տարբեր ժամանակներում ստեղծված, երգված ու ժամանակի ընթացքում սիրված երգերը: Խոսքը վերաբերում է միջնադարի հայ աշուղական, ժողովրդա-գուսանական արվեստից սկսած մինչեւ Կոմիտաս, Եկմալյան, Խաչատրյան, Բաբաջանյան, Այվազյան… մինչեւ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ: Ստեղծագործությունները ներկայացված են տեքստերի եւ երաժշտության հեղինակների անուն-ազգանուններով, նաեւ տեղեկատուի մեջ ներառված՝ հայ երգի պատմության մեջ իրենց տեղն ու դերը ներկայացնող համառոտ ակնարկներով:
Երեկոյի ընթացքում աստիճանաբար ձեւավորվեց բավական ազդեցիկ տպավորություն, եւ որքան էլ երեկոյի հանդիսավար, դերասան Ազատ Գասպարյանը նեղսրտեց, որ երգարանում չկա, օրինակ, իր ամենասիրելի՝ գուսան Շերամի «Ջեյրանի պես սարերով եկար ու անցար»-ը, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ առաջիկայում ծրագրավորված՝ ըստ մաշտոցյան այբուբենի, համապատասխան 36 հատորներում տեղ կգտնեն բոլոր սիրված երգերը:
Բեմում էկրանի վրա էջ առ էջ թերթվում էին գրքույկները եւ արդեն շնորհանդեսի ավարտին հանդիսատեսն էլ կարծես թերթել էր երգարանի բոլոր էջերը: Ելույթ ունեցան ճանաչված խմբեր, երգիչ-երգչուհիներ, ու այնքան «շիկացավ» մթնոլորտը, որ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հանպատրաստից բեմ բարձրացավ ու ամբողջ ձայնով, հոգով ու ոգով հնչեցրեց «Երազ իմ երկիր հայրենին»: Նաեւ առաջիկայում ներկաներին հրավիրեց Դիլիջանի կոմպոզիտորների տուն՝ հավաստիացնելով, որ կկազմակերպի երգարանում տեղ գտած ստեղծագործությունների ուսուցում:
«Գրպանի երգարանի» աշխատանքների մեջ ձեւավորված է հեղինակավոր մասնագիտական խմբագրակազմ, որը բծախնդիր աշխատանք է իրականացրել ակադեմիական չափանիշներով ներկայացնելու հայ երգի մաքրությունը: Խմբագրակազմի անդամներն են երգիչներ Թովմաս Պողոսյանը, Արմեն Դարբինյանը, Կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը եւ այլք: Խմբագիրն է երաժշտագետ Անի Փաշայանը, իսկ նախաձեռնողը, կազմողն ու հրատարակիչը՝ Սամվել Հարոյանը: Մենք արձանագրեցինք մի փաստ. շնորհանդեսի ավարտին, հանդիսասրահից հեռացող ունկնդիրները, այդ թվում՝ նաեւ անվանի արվեստագետներ Հովհաննես Չեքիջյանը, Նորայր Մեհրաբյանը, Արամ Սաթյանը, Ռուբեն Ասատրյանը եւ ուրիշներ, կարծիք էին հայտնում, թե այս «Գրպանի երգարանը» այնքան էլ գրպանի համար չէ եւ ճիշտ կլինի, որ մեր «աստղերը» սիրված երգերը ներկայացնելուց առաջ գոնե ծանոթանան դրանց օրիգինալին՝ թե տեքստային եւ թե երաժշտության մասով:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ