Օրերս «Առավոտ» օրաթերթը Իջեւանի Հանրապետական կուսակցության համակիրների անունից շուրջ 3000 ստորագրությամբ մի նամակ է ստացել՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի բովանդակությունը հետեւյալն է. «Մեծարգո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, 2011թ. դեկտեմբերի 27-ին Իջեւան քաղաքի ոստիկանություն են հրավիրվել ՀՀԿ անդամներ Հովիկ, Շեկո, Վարդան Խեչյան եղբայրները։ Նրանց առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոնշյալ քրեական զործում չկան տուժողներ, չկա բողոք, չկան մարմնական վնասվածքներ ստացած անձինք եւ բավարար հիմքեր, սակայն նրանց նկատմամբ, չգիտես ինչու, ընտրվել է խափանման միջոց կալանքը։ Ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ վերոհիշյալ անձինք 2011թ. նոյեմբեր ամսին հրավիրվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն եւ երկարատեւ ու մանրամասն հարցաքննություններից հետո ազատ են արձակվել՝ քրեական զործին առնչություն չունենալու պատճառով։
Միաժամանակ հայտնում ենք Ձեզ, որ եղբայրներից ՀՀԿ-ի կողմից առաջադրված ավագանու թեկնածու 23-ամյա Հովիկ Խեչյանը 2011թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներն է հավաքել 25 թեկնածուների մեջ (800 ձայն): Այնուհետեւ ՀՀԿ-ի կողմից Հովիկ Խեչյանը նշանակվել է որպես Հանրապետական կուսակցության երիտասարդական թեմի ղեկավարի տեղակալ։ Մեծարգո պարոն նախագահ, Իջեւան քաղաքի եւ հարակից գյուղերի հասարակության անունից խնդրում ենք Ձեզ հանձնարարել համապատասխան մարմիններին, որպեսզի Խեչյան Հովիկ, Շեկո, Վարդան եղբայրներին ազատ արձակեն, քանի որ նրանք երբեւէ քննությունից չեն խուսափել, միեւնույն ժամանակ խնդրում ենք հանձնարարել իրավապահ մարմիններին, որպեսզի քննությունն ընթանա օրինականության շրջանակներում»:
Սեփ. լր.
Հ. Գ. «Առավոտին» ուղղված նամակի հետ առկա 3000 ստորագրության փաստաթղթերը գտնվում են խմբագրությունում:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ