Լրահոս
Օրվա լրահոսը

Կովալենկո Շահգալդյանի փեսային կհաջողվի՞ իր հարկատուն դարձնել Սամվել Ալեքսանյանին

Հունվար 19,2012 13:44

Գյումրիի հարկայինի նորանշանակ պետն ամեն ինչ անում է՝ շաքարի գործարանը այս քաղաքի հարկատուների ցանկում գրանցելու համար:

Դեռեւս անցած տարվա օգոստոսին հարկերը չհավաքագրելու, նախատեսված պլանը չկատարելու մեղադրանքով Գյումրիի հարկային տեսչության պետի պաշտոնից ազատեցին մայրաքաղաքից ժամանած Թելման Ասատրյանին՝ նրա փոխարեն նշանակելով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսային՝ Հրանտ Կարապետյանին: Նա եւս մայրաքաղաքից է, երկար տարիներ աշխատել է այս համակարգում, վերջին 3 տարին պաշտոնավարել է Արթիկում: Արթիկից Գյումրի տեղափոխվելուն պես՝ լուրեր տարածվեցին նոր պետի հարկային քաղաքականության մասին. գյումրեցի պաշտոնյաներից ոմանք պնդում են, որ Հրանտ Կարապետյանն իր վրա դրված պլանը կատարելու, պատվով դուրս գալու համար խոշոր օլիգարխներից մի քանիսին համոզել է որպես հարկատու բերել-գրանցել Գյումրիում: Ըստ որոշ լուրերի, նրանցից մեկը շաքարի գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարկայինի նոր պետը չի ուզում ավելորդ աղմուկ բարձրացնել իր անձի շուրջ եւ հարկայինի մյուս պետերի պես հարկային տեսուչներին «ռեյդի» ուղարկել տոնավաճառներ, խանութներ ու վաճառականներին նեղելով՝ պլան կատարել: Նկատենք, որ Գյումրին որոշ առումներով առանձնահատուկ քաղաք է, եւ այստեղ հարկայինի պետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ, նախ այն առումով, որ քաղաքը դատարկվում է, ապրանքաշրջանառություն գրեթե չկա եւ Գյումրիից հարկեր ապահովելն ու պետական բյուջե լցնելը, կարելի է ասել, հերոսության նման մի բան է: Բացի այդ, գյումրեցիները սովոր են հարկայինի պետ փոխել, եթե հարկային պաշտոնյան չի կարողանում տոնավաճառի առեւտրականների հետ լեզու գտնել, այստեղ օրերով բողոքի ակցիաներ են կազմակերպում ու պետին խայտառակում: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան, օրինակ՝ Գյումրիի նախկին հարկայինի պետ Խաչատուր Երոյանի օրոք:

Օլիգարխների՝ Գյումրիի հարկային դաշտ տեղափոխելու մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք Պետական եկամուտների կոմիտեի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Պարզվեց՝ հարկայինի տարածքային պետերը, թեկուզեւ մեծ ցանկության դեպքում, նման իրավասություն չունեն: ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին, որ շրջանառությունն ավելանալու ու սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում կազմակերպությունները մեխանիկորեն ընկնում են խոշոր հարկատուների ցուցակ: «2010թ.-ին հարկային տեսչությունում գրանցվել է 344 խոշոր հարկատու, 2011-ին թիվը դարձել է 440, իսկ 2012-ին՝ 462, այսինքն՝ այս ցանկը պարբերաբար փոփոխվում է, ու նրանց ցուցակը կարգավորվում է որոշակի չափանիշներով»,- տեղեկացրին մեզ: «Առավոտը» դարձյալ փորձեց ճշտել, թե այդ դեպքում ինչպե՞ս է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը հարկատու դառնալու Գյումրիում: Պատգամավորին պատկանող «Լուս աստղ շուգրը» ՊԵԿ-ի պաշտոնական կայքում 2010 եւ 2011 թվականներին զբաղեցնում է հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ցուցակում մեկ 36-րդ, մեկ էլ՝ 29-րդ տեղում է՝ այդուհանդերձ խոշոր հարկատու է համարվում եւ գրանցված է Երեւանում: Չնայած պաշտոնական տեղեկատվությանը՝ Գյումրիում համոզված պնդում են, որ այսուհետեւ օլիգարխը հարկեր կմուծի Գյումրիում: Եթե ասվածը ճշմարտություն լինի, այն իրոք կթեթեւացնի հարկայինի պետի գործը, եթե, իհարկե, Հրանտ Կարապետյանին հաջողվի հարկերը գանձել. մեր տեղեկություններով, այս պահին հարկեր չի մուծվում՝ շաքարի գործարանի չաշխատելու պատճառով եւ չի բացառվում, որ եթե այսպես շարունակվի, գործարանը տարվա մեջ 2-3 ամիս աշխատի, հուսախաբ եղած աշխատակիցներին էլ հարկադիր պարապուրդի մատնի՝ «Լուս աստղ շուգրն» էլ կլքի խոշոր հարկատուների ցանկը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031