Արդյոք ԱԺ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կունենա՞: Ի պատասխան «Առավոտի» այս հարցին՝ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Այս պահի դրությամբ, այո, մենք հակված ենք մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուներով: Պարզ է, որ ընդդիմությունը շատ մեծ ռեսուրսներ չունի՝ բացի հասարակական աջակցությունից: Հենվելով իր այդ հիմնական ռեսուրսի վրա՝ չպետք է փոշիացնի իր հնարավորությունները ու կարողանա միասնաբար հանդես գալ: Դա շատ ճիշտ լուծում կլինի, եթե, իհարկե, ընդդիմադիր հիմնական ուժերը կարողանան իրենց մեջ ուժ գտնել այդ մոդելով առաջնորդվելու»:
«Առավոտ» օրաթերթ