Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատականները ԱԺ-ում կլինեն

Հունվար 19,2012 13:31

Վստահեցնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը

– Պարոն Քոքոբելյան, նոր մեկնարկած տարին նախընտրական է, իսկ Ձեր գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արդեն բազմաթիվ առիթներ է ունեցել հայտարարելու, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կարծում եք՝ կհասցնե՞ք, որպես նորաստեղծ կուսակցություն, ներկայանալ հանրությանն ու ընկալելի կուսակցություն-թեկնածու լինել առաջիկա ընտրություններում:

– Նախընտրական եռուզեռից անցած տարին էլ, այս կամ այն կերպ, զերծ չէր: Այդ գործընթացներն ավելի շուտ սկսվեցին, որովհետեւ Հայաստանում քաղաքական կրքերն արագ են շիկանում, ու նաեւ քաղաքական դաշտում հստակություն դեռեւս գոյություն չունի, ինչը, իմ կարծիքով, քաղաքական համակարգի ոչ լիակատար լինելու հետեւանքն է:

Նախընտրական շրջանն առաջիկա խորհրդարանական ընտրություններով չի ավարտվելու: Սա քաղաքական գործընթացների ընդամենը մի ցիկլն է, որովհետեւ ԱԺ ընտրություններին անմիջապես հաջորդելու են նախագահի ընտրությունները: Ասել կուզեմ՝ սա մի ամբողջական պրոցես պետք է դիտարկել, եւ առաջիկա ընտրությունները միայն ԱԺ ընտրություններ չեն լինելու. դրանք ավելի շատ դիրքային եւ մոտեցումների հստակեցման փուլ կլինեն՝ միտված ապագա նախագահական ընտրություններին:

Մենք, բնականաբար, որպես ազատական քաղաքական ուժ եւ ազատ դեմոկրատներ, մարդիկ ենք, որոնք իրենց կենսագրությամբ եւ ապրած կյանքով ապացուցել են, որ միշտ պայքարել են ազատ եւ արդար, մրցունակ Հայաստան ունենալու համար, եւ շարունակելու ենք պայքարը նույն արժեհամակարգի համար:

Մեզ համար նաեւ հստակ է, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ ինքնուրույն ի վիճակի չէ դիմագրավելու այն մարտահրավերներին եւ լուծելու այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են մեր երկրի եւ քաղաքացիների առջեւ: Այդ առումով առանց մեր առաջնայնությունը շեշտադրելու մենք փորձելու ենք լինել հարթակ եւ ամեն ինչ անելու ենք այդ գիտակցումն ունեցող քաղաքական ուժերի միասնաբար հանդես գալու առումով: Այսօր բոլորը, ովքեր չեն ալարում, խոսում են արդար ընտրություններից եւ իրենց մոտեցումներն են շարադրում: Ես ուզում եմ հստակ ասել՝ արդար, ազատ, թափանցիկ ընտրություններն անհրաժեշտ պայման են Հայաստանի զարգացման համար, բայց բավարար չեն: Միայն արդար ընտրությունների հիման վրա ձեւավորված իշխանությունն, իմ խորին համոզմամբ, ի վիճակի չի լինի Հայաստանն առաջ մղել: Իմ կարծիքով՝ արդար ընտրությունների արդյունքում նաեւ պետք է ձեւավորվի այնպիսի իշխանություն, որն ի զորու կլինի Հայաստանն առաջ տանել աշխարհաքաղաքական տեսանկյունից այսօրվա նուրբ եւ բարդ իրավիճակում:

– Ի՞նչ չափանիշներով են որոշվելու, թե որն է այդ իշխանությունը:

– Չափորոշիչներն ակնհայտորեն շատ են, բայց առաջինը, ըստ իս, այն է, որ այդ իշխանությունը պետք է ձեւավորված լինի ոչ միայն պրոֆեսիոնալներից, այլեւ այն անհատներից, որոնք ունակ են իրենց առջեւ դրված խնդիրները ոչ միայն ձեւակերպել, այլեւ լուծել, նաեւ ազնիվ ու արդարամիտ լինել: Այսօր արագ տեմպերով զարգացող աշխարհում հնարավոր չէ պարզունակ լուծումներով երկիրը դեպի զարգացում տանել: Մինչդեռ քաղաքական դաշտում այսօր բանավեճի առարկան եւ բարձրաձայնվող մոտեցումները շատ պարզունակ խնդիրների շուրջ են, իրական մրցակցություն կամ բանավեճ ավելի լուրջ ու գլոբալ հարցերի շուրջ չկա, թեեւ քաղաքացու բարեկեցությունը միայն պարզունակ ու կենցաղային հարցերով չի պայմանավորված: Ակնհայտ է, որ կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք ունեն մեր երկիրն ու քաղաքացիները, ակնհայտ է նաեւ, որ այսօր երկրում առկա քաղաքական համակարգն է պատճառը, որի արդյունքում ընտրվում են անձինք, որոնց գործունեության արդյունքում ունենք սոցիալական ծանր վիճակ եւ արտագաղթ, որը դարձել է մեր երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը: Մեր, որպես ազատական ուժի, ընկալմամբ՝ ՀՀ-ի այսօր ունեցած ամենամեծ կապիտալը հենց իր քաղաքացիներն են, եւ այսօր ահագնացող արտագաղթը մեզ զրկում է այս կապիտալից: Դա մեր երկրի համար ներքին արյունահոսության նման մի բան է, երբ սկզբում չես հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ հետո արդեն ուշ է լինում եւ հայտնվում ես ծայրահեղ հյուծված վիճակում: Աշխարհն իր փորձով դրանց լուծումներն արդեն տվել է, եւ նոր գյուտ անել պետք չէ, ուղղակի պետք է լավ մոդելներ կիրառել, ճիշտ մոտեցումներ ընտրել, որի արդյունքում Հայաստանը աստիճանաբար կարող է զարգանալ: Պարզ է, որ դա մեկ օրվա խնդիր չէ, բայցեւ ակնհայտ է, որ ձգձգելու կամ առավել եւս՝ այսպես շարունակելու ռեսուրս Հայաստանը չունի: Այս համատեքստում «Ազատ դեմոկրատներն» ունի մասնավորապես արդեն գրեթե ավարտին հասցրած տնտեսական ծրագիր, որը կուսակցության առաջիկա համագումարում կներկայացվի: «Հայաստանի Հանրապետությունը 2012-ին եւ հետո» կոչվող ծրագրում շարադրված են ոչ թե մեկ-երկու տարիների, այլ, թող շատ հավակնոտ չթվա, առաջիկա 15 տարիներին միտված մեր այն մոտեցումները, որոնք ուղղված են լինելու Հայաստանի զարգացմանը: Մենք ուրախ կլինենք, որ այդ ծրագիրը դառնա հանրության եւ մեր գործընկեր քաղաքական ուժերի սեփականությունն ու փորձ արվի դրանով նաեւ առաջնորդվել:

– «Ազատ դեմոկրատների» անունը հաճախ հնչում է «Ժառանգություն» կուսակցության հետ հնարավոր դաշինք ստեղծելու համատեքստում, որոշակիություն կա՞ այդ հարցում:

– «Ժառանգության» հետ ակտիվ շփումներ կան, եւ նրա հետ մենք լայն համագործակցության դաշտ տեսնում ենք, ու չեմ բացառում, որ այդ համագործակցությունը, իրոք, կարող է վերածվել նախընտրական դաշինքի: Եթե նման հանրային պահանջ լինի, կարծում եմ, թե՛ «Ժառանգությունը», թե՛ մենք դրան կգնանք:

– Ինչպե՞ս է գնահատվելու՝ հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ:

– Այսինքն՝ մեր անձնական մոտեցումները քիչ են, հասարակությունն էլ պետք է տեսնի այդ միավորման անհրաժեշտությունը: Անձամբ ես հակված եմ «Ժառանգության» հետ ավելի լայն համագործակցության, եւ, կարծում եմ, դա փոխադարձ է, որովհետեւ շատ հարցերում մենք ուղղակիորեն նույն տեսակետն ունենք, մասնավորաբար՝ տնտեսական, երկրում առկա իրավիճակի հետ կապված մեր քաղաքական գնահատականների առումով: Եվ վերջապես, պետք է հաշվի առնել, որ «Ժառանգությունն» այն ուժն է, որն ավելի լավ Հայաստան ունենալու համար, նաեւ այս վերջին տարիների իր բուռն պայքարի ողջ ժամանակահատվածում իրեն ճիշտ է դրսեւորել եւ հանրության կողմից կարողացել է ընկալելի ու հասկանալի լինել: Դա մեզ համար շատ կարեւոր հանգամանք է:

Արտաքին քաղաքական ոլորտում, բնականաբար, տարբեր մոտեցումներ էլ կան, որոնք, ըստ իս, զուտ մարտավարական խնդիրներ են, եւ երբ ավելի լայն համագործակցության համար վճռական պահ գա՝ այդ խնդիրները կարելի կլինի նորից քննարկել: Ինձ համար ցանկալի տարբերակներից մեկը դա է: Ուզում եմ շեշտել նաեւ, որ մեր պայքարը չի սահմանափակվում Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում, ու ընդհանրապես՝ իմ խորին համոզմամբ, քաղաքական ուժերն այդ ընտրությունները չպետք է ինքնանպատակ դարձնեն: Մեր՝ առաջիկա ընտրություններին մասնակցության հնարավոր ձեւաչափի առանցքն ու նպատակը ՀՀ առաջիկա զարգացմանը միտված մեր ծրագրերի իրագործումն են, այլ ոչ թե խորհրդարանական ընտրությունների նեղ արշավը:

– «Ազատ դեմոկրատների»՝ խորհրդարանում հայտնվելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

– Անկախ ամեն ինչից՝ մենք առաջին հերթին ակտիվ ենք լինելու, պայքարելու ենք քաղաքակիրթ մեթոդներով եւ քաղաքական լծակներով, որպեսզի հանրության հնարավորինս լայն շրջանակի համար հասկանալի եւ ընկալելի լինենք, եւ փորձելու ենք ավելի մեծ աջակցություն ստանալ հասարակության կողմից: Մենք շեշտը դնելու ենք հասարակության գիտակից այն հատվածի վրա, որն իր ապագան կապում է Հայաստանի ու մեր երկրում բարեկեցիկ ապրելու եւ ոչ թե Հայաստանը լքելու հետ: Նաեւ բավարար ռեսուրսներ ունենք առաջիկա ընտրություններին մասնակցելու համար՝ ե՛ւ մարդկային ռեսուրսի, ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ ներկայացվելիք ծրագրի առումով: Վստահաբար ասում եմ, որ բոլոր ընտրատեղամասերում կունենանք մեր վստահված անձինք, բոլոր ընտրատարածքներում կունենանք նախընտրական շտաբներ, ունենք նաեւ ընտրություններին մասնակցելու մեծ փորձ ունեցող կուսակցականներ ու համակիրներ եւ գիտենք պայքարի, նաեւ կեղծիքներին դիմակայելու բոլոր մեթոդները: Մենք մեր ուսերին ընտրություններ շատ ենք տարել եւ լավ ենք պատկերացնում այդ գործընթացը: Առաջիկայում առիթ կունենաք դրանում համոզվելու:

– Իհարկե, կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, բայց, այնուամենայնիվ, Ձեր դիտարկմամբ, առաջիկա ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանն ի՞նչ տեսք կունենա քաղաքական ուժերի ներկայացվածության առումով:

– Դա սոցիոլոգների գործն է: Ես միայն վստահաբար կարող եմ ասել, որ առաջիկա ընտրություններից հետո ազատականներն անհամեմատ ավելի մեծ ներկայացվածություն կունենան ԱԺ-ում:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Նախ՝ մեր հասարակությունը միշտ շատ ճիշտ է գնահատել իրավիճակը՝ սկսած 1991 թվականից, կարողացել է ճիշտ կողմնորոշվել, եւ եթե նկատել եք, ընդդիմությունը մեր երկրում մշտապես հասարակության կողմից շատ մեծ աջակցություն է ստացել: Ուղղակի դեպքերի բերումով միշտ այնպես է ստացվել, որ ընդդիմությունը չի կարողացել տեր կանգնել իր ձայներին: Սա փաստ է: Սրանից ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է հետեւություններ անեն եւ հասկանան, թե ինչ մեխանիզմ պետք է գտնել եւ կիրառել այդ ձայներին տեր կանգնելու համար:

– Դուք գտե՞լ եք այդ մեխանիզմը:

– Բնականաբար, որովհետեւ բազում անգամ բախվել ենք այդ խնդրի հետ եւ ինքներս մեզ համար հետեւություններ արել ենք՝ անշուշտ: Ինքս կարծում եմ, որ չի կարելի հասարակությանը մեղադրել ձայն տալու եւ իր ձայնին տեր չկանգնելու մեջ, որովհետեւ ՀՀ շարքային քաղաքացին, ընտրողը պարտավոր չէ ձայն տալուց բացի՝ նաեւ իր տված ձայնի համար կռիվ տալ: Դա պետք է անեն այն ուժերը, որոնց քաղաքացիներն աջակցել եւ իրենց վստահության քվեն են տվել: Իմ պատկերացմամբ՝ դա քաղաքական ուժերի ակտիվի գործն է:

– Ե՞րբ է լինելու Ձեր գլխավորած կուսակցության համագումարը, ու պե՞տք է արդյոք սպասել, որ այդ համագումարում կորոշվի առաջիկա ընտրություններին ձեր մասնակցության ձեւաչափը:

– Բնականաբար՝ այո: Կներկայացվեն ե՛ւ ձեւաչափի, ե՛ւ մեր մարտավարության ու ռազմավարության խնդիրները, համագումարում դա կքննարկվի: Այս պահի դրությամբ մտադիր ենք համագումարը հրավիրել փետրվարին, ու հանրության ավելի լայն շրջանակների համար հասկանալի կլինեն մեր մոտեցումներն ու պատկերացումները առաջիկա ընտրությունների ու ընդհանրապես Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031