Կարծում է Մյասնիկ Մալխասյանը
«Սուրեն Սիրունյանը «7-ի գործով» մեզ հետ եղել է ամբողջ դատավարության ընթացքում եւ ամենաակտիվներից մեկն է եղել: Վերցրեք իր բոլոր հայտարարությունները կարդացեք: Հիմա ի՞նչ պատահեց Սուրեն Սիրունյանի հետ, որ այսօր… ուրեմն ծանր իրավիճակում է գտնվում, որ նման հայտարարություն է անում: Ես ափսոսում եմ, ցավում եմ, որ նա այդ վիճակում է եւ նման հայտարարություններ է անում: Դա իր կամքն է: Բայց ես համոզված եմ, միառժամանակ հետո, երբ իրավիճակ փոխվի, նա հակառակն է ասելու»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «7-ի գործով» նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստվում է ՄԻԵԴ-ից ետ վերցնել իր դիմումը, քանի որ չի պատրաստվում «որոշ մարդկանց ձեռքին նրանց շահերի համար գործիք հանդիսանալ» (Սիրունյանը նկատի ունի ՀԱԿ-ին-Ն. Գ.), պատասխանեց «7-ի գործով» մեկ այլ քաղբանտարկյալ՝ «Քաղբանտարկյալներ» հասարակական նախաձեռնության համակարգող Մյասնիկ Մալխասյանը: Հիշեցնենք, որ aravot.am-ին տված հարցազրույցում Սիրունյանը հայտարարել էր, որ ինքը եւ այլ նախկին քաղբանտարկյալներ պատրաստվում են ետ վերցնել ՄԻԵԴ-ին ներկայացրած իրենց դիմումները:
Մեր զրուցակիցն այստեղ խնդիրը չի դիտարկում նորից ՀԱԿ վերադառնալը: Հիշեցնենք, որ Սուրեն Սիրունյանը ՀԱԿ-ից հեռացավ մոտ մեկուկես տարի առաջ՝ ՀՀՇ հայտնի համագումարից հետո, մի շարք կարկառուն ՀՀՇ-ականների հետ: Եթե ՀՀ որեւէ ատյանի դատարան չի զղջացել եւ չի ընդունել իր սխալը՝ Մալխասյանի համար անհասկանալի են Սիրունյանի կամ այլոց «զղջումները», հետեւաբար այդ առիթով Սիրունյանի մեկնաբանությունները նա համարում է ընդամենը «խոսքի վարժանքներ» եւ հավելում. «Մեզ մեղադրել են ծանր հանցագործության՝ պետական հեղաշրջման մեջ, եւ իբր մեր գործողությունների արդյունքում 10 մարդ է զոհվել: Մենք դիմեցինք ՀՀ արդարադատության երեք ատյաններին՝ փորձելով արդարություն գտնել: Ցավոք, դա մեզ չհաջողվեց, եւ մենք հարկադրված դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ապացուցենք, որ իրական հանցագործները, պետական հեղաշրջման իրական կազմակերպիչները, 10 անմեղ անձանց գնդակահարած մարդասպանները դեռ չեն պատժվել: Եթե որեւիցե մեկը ՄԻԵԴ-ից ետ կվերցնի իր դիմումը, ինքնըստինքյան կընդունի, որ ինքը պետական հեղաշրջման մասնակից է, որ 10 անմեղ զոհերի արյունն իր վրա է: Յուրաքանչյուր գիտակից մարդ չի գնա այդ ճանապարհով: Ցավում եմ այդ մարդկանց համար, գտնում եմ, որ մենք ապրում ենք մի այնպիսի երկրում, որ իշխանությունները մարդկանց դնում են այնպիսի իրավիճակի մեջ, որ նրանք իրենց դեմ հայտարարություններ են անում: Դա ամենավատ, ամենադատապարտելի արարքն է»:
Մյասնիկ Մալխասյանն արդեն հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով պայքարի մեջ մտնել ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի եւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր անդամ Վրեժ Մարկոսյանի հետ: «Առավոտը» հետաքրքրվեց՝ քանի որ Մալխասյանը, ժամանակին լինելով անկուսակցական, պատգամավոր էր ՀՀԿ ցուցակով եւ վայելում էր հանրապետականների անվերապահ աջակցությունն ու վստահությունը, բանտից դուրս գալուց հետո փորձե՞լ է հանդիպել իր նախկին ընկերներին, պարզաբանել անցյալի կնճիռները, նաեւ՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել: Մալխասյանն ասաց, որ ինքն ու իր ընկերները առաջադրվելու են բացառապես նրա համար, որ ՀԱԿ-ի պայքարը հասնի իր տրամաբանական ավարտին, ու ժողովուրդն էլ գա այն գիտակցության, որ իր այսօրն ու վաղվա օրը չպետք է վաճառի 5000 դրամով: Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Ովքեր ինձ ընկեր են, ինձ հետ բանտում նստած են եղել: Շատ քիչ մարդիկ կան, որոնք դուրս գալուց հետո… իսկ մնացածը… մնացածի մասին ես չեմ կարող… կամ ինչի՞ պիտի հանդիպեմ, պարզեմ: Խոսելու բան չկա: Նրանք մարդիկ են, որ չեն կարող ինքնուրույն որոշում կայացնել, նրանց պետք է հանձնարարություն տրվի, իսկ ո՞վ պիտի հանձնարարություն տա՝ հանդիպել ինձ: Էդ հարցը քննարկելու իմաստ ես չեմ տեսնում»: Մալխասյանը բանտից դուրս գալուց հետո չի առնչվում նաեւ ԵԿՄ-ի հետ. «Առանձին ընկերների հետ շփվում ենք: Ես հիմա ավելի շատ շփվում եմ ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ազնիվ են, նպատակ ունեն Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել, եւ հույսեր եմ կապում նրանց մարտական տրամադրությունների տարածման հետ, որը կարող է մեզ հաջողություն բերել»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ