Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտանի» կրիմինալը

Հունվար 19,2012 13:02

Երեկ ձերբակալվել է Աշոտ Ավետիսյանը, նույն ինքը՝ հանրահայտ Բանգլադեշի Համոն: Այդ մարդն ունի հարուստ եւ բովանդակալից քրեական կենսագրություն: 2004 թվականի ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ նա ձվեր էր նետում ԱՄԿ ղեկավար Արտաշես Գեղամյանի ուղղությամբ, իսկ երբ լրագրողները փորձեցին նկարահանել դա, նա ջարդեց նրանց ֆոտո եւ տեսախցիկները՝ բռնություն կիրառելով լրագրողների նկատմամբ:

2005 թվականի փետրվարի 4-ին Ավետիսյանն ակտիվ մասնակցություն ունեցավ երկու հանցավոր խմբավորումների միջեւ տեղի ունեցած եւ մարդկային կյանքեր խլած «ՏԷՑ-ի կռուգի ճակատամարտին», որի ընթացքում կիրառվեց տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում նաեւ՝ ինքնաձիգներ: Երկու դեպքում էլ Համոն ստացավ պայմանական պատիժ:

2010 թվականին Տիգրան Մեծի պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու եւ փախուստի դիմել: Չնայած այդ քաղաքացին մահացավ՝ Ավետիսյանը դրա համար ընդամենը տուգանք վճարեց:

Սրանք այդ փառապանծ կենսագրության միայն մեզ հայտնի դրվագներն են: Հանցագործությունների նման փունջ ունեցող քաղաքացին, եթե նա լիներ պակաս նշանավոր գործիչ, քան Բանգլադեշի Համոն է, վաղուց արդեն կդատապարտվեր ցմահ ազատազրկման: Սակայն Բանգլադեշցին հավանաբար մեծ ծառայություններ ունի Հայրենիքի առաջ, որոնք, մասնավորապես, արտահայտվել են երբեմնի ընդդիմադիր գործչի ուղղությամբ ձվանետմամբ: Այդ ամենը հաշվի առնելով՝ նա ոչ միայն ազատություն էր վայելում, այլեւ ղեկավարում էր «Նեպտուն» լողավազանը՝ իր հայրենի Բանգլադեշում: Այս անգամ նրա BMW X6 մակնիշի մեքենային համարձակություն ունեցավ բախվել մի սովորական 07: Բնական է, որ առնվազն երեք դրվագներով չպատժված Համոն պետք է վստահ լիներ, որ այս անգամ էլ իրեն ոչինչ չի սպառնում, ուստի եւ նա հարձակվեց 07-ի վարորդի վրա, ծեծի ենթարկեց, իսկ երբ ոստիկանները նրան փորձում էին տեղափոխել քաղմաս, նա չէր ենթարկվում իրավապահներին:

Ենթադրում եմ, որ այժմ էլ Բանգլադեշցու նկատմամբ որեւէ լուրջ պատիժ չի կիրառվի, պատճառը պարզ է. առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, եւ Համոյի նման մարդիկ օդի ու ջրի պես անհրաժեշտ են իշխանության կուսակցությունների եւ թեկնածուների հաղթանակն ապահովելու համար: Եթե բոլոր քրեական տարրերին մեկուսացնեն հասարակությունից՝ ո՞վ է ներխուժելու ընտրական տեղամասեր, քվեաթերթիկներ լցոնելու եւ բռնություններ կիրառելու ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ: Հենց դրա համար են անհրաժեշտ Բանգլադեշցու նման «դուխով տղերքը», որոնք իրենց բռունցքներով եւ մկաններով հավատարմորեն կծառայեն տերերին:

Այնպես որ՝ մոտակա ամիսներին նախկինում այդ հարցերում իրեն արդարացրած կրիմինալին ոչինչ չի սպառնում: Սյունիքի մարզպետը՝ ձեզ օրինակ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031