Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին

Հունվար 19,2012 12:29

Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրից: Նախորդ տարի մենք ձեզ հետ միասին մշտապես անդրադարձել ենք այս հարցին: Դուք հիշում, եք, որ մենք ձևավորել ենք  մոնիտորինգային խմբեր և պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում այս կամ այն ոլորտում, թե ինչ որակի ծառայություններ ենք մատուցում: Թերությունների մասին մշտապես խոսել ենք հրապարակային և տվել համապատասխան հանձնարարություններ: Այսօր կարող ենք արձանագրել, որ հերթական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Կադաստրի պետական կոմիտեում ունենք առաջընթաց, և էապես բարելավվել է ծառայությունների որակը: Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ունենք էական առաջընթաց. այսօր իրականություն է այն, որ Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով:

Անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես ունենք հաջողություն: Այս բնագավառում մենք պետք է լինենք հետևողական: Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների և մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, և մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձևավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, և եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է` կա դժգոհություն: Խնդրի արմատական լուծման համար ապրիլին մենք շահագործման ենք հանձնելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով:

Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման ուղղությամբ և տվյալների միասնական բազայի ուղությամբ աշխատանքներն սկսել ենք: Իրատեսական ենք համարում, որ ապրիլին մեր քաղաքացիները պետք է սպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում` այսօրվա մեկ ժամվա փոխարեն: Այսօր կուտակվում են հերթեր, և ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. ավելացնել աշխատողների քանակը և նվազեցնել այսօրվա ծանրաբեռնվածությունը, որն առկա է այս ոլորտում:

Հարգելի գործընկերներ, մնացած ոլորտներում նույնպես մենք մոնիտորինգ ենք իրականացնելու. 18 պետական պետական տեսչական ծառայությունների ոլորտում և պետական այլ ծառայությունների ոլորտում: Ես մշտապես անդրադառնալու եմ այս խնդրին, որովհետև սա այն ամենակարևոր կետն է, որտեղ մենք առնչվում ենք քաղաքացիների հետ:

Ավտոմեքենաների զննման տեխնիկական խնդիրը նախորդ տարի ևս ստացավ իր լուծումը: Ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. տեխնիկական զննման կտրոների վրա կնիքը պարտադիր չէ, և պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ: Բոլոր պետական մարմիներին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի ետևում ստուգեն կնիքի առկայությունը: Այդպիսի պահանջ չկա, և մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա: Սա է մեր պահանջը, որպեսզի մենք զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից:

ՀՀ կառավարության հաղորդագրություն    

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031