Հատված Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ հարցազրույցից
-Պարոն Պողոսյան, ընտրողին հետաքրքրո՞ւմ է, թե խորհրդարանական ընտրություններն ինչ ընտրակարգով կանցկացվեն:
-Ընտրակարգի շուրջ, իհարկե, որոշակի հետաքրքրություն կա, բայց միայն այս ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների ու լրագրողների շրջանում: Հասարակության ավելի լայն զանգվածներին այս խնդիրը չի հետաքրքրում: Ընտրողը անգամ չի էլ փորձում հասկանալ, թե համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական բանավեճը ինչ պատճառներ ու շարժառիթներ ունի:
Հասարակական կարծիքը հետազոտող տասնյակ ուսումնասիրություններ ենք կատարել: Հարցին, թե՝ ճանաչո՞ւմ եք ձեր ընտրատարածքից ընտրված պատգամավորին, գրեթե մշտապես ստանում ենք նույն պատասխանը։ Ընտրողն իր մեծամասնական ընտրյալի հետ հետընտրական ողջ ժամանակահատվածում հանդիպումներ չի ունենում, չգիտի ոչ անունը, ոչ էլ ազգանունը: Նույնիսկ երբ հիշեցնում ենք, զարմանում են, որ հենց այդ մեկն է իրենց տարածքի պատգամավորը:
Կարծում եմ, մեծամասնական ընտրակարգը չգործող ինստիտուտ է: Հետեւաբար պնդումը, թե անպայման տեղերից ընտրված պատգամավորներ պետք է լինեն, որ տարածքի հոգսերով հետաքրքրվեն, հիմնավոր ու արդարացված չէ:
Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր համամասնական ցանկում կլինեն թեկնածուներ նաեւ Շիրակի, Լոռու, մյուս մարզերից, ու մանդատ ստանալու պարագայում նրանք անպայման բարձրացնելու են տեղական խնդիրներ: Ընտրակարգը առաջիկա ընտրությունների որակի մեխը դարձնելը այնքան էլ ճիշտ չէ:
-Այդ դեպքում ո՞ր հարցերն եք կարեւոր համարում։
-Պատգամավորին հետ կանչելու մեխանիզմ չկա ոչ մեծամասնական, ոչ էլ համամասնական ընտրակարգի դեպքում: Եթե ժողովրդի հետ հետադարձ կապի մեխանիզմ, նաեւ պատասխանատվություն չկա, ողջ համակարգը չի գործում:
Հետեւաբար իրոք, ընտրական ինստիտուտը վստահելի դարձնելու ճանապարհին շատ ավելի կարեւոր ու էական քայլեր կան անելու, քան ընտրակարգը փոխելն է: Մասնավորապես կարելի է ներմուծել նաեւ քվորումի մեխանիզմը, ինչը կնշանակի, որ պատգամավորը կարող է ընտրվել առավել թվով մասնակիցների քվեների շնորհիվ:
Այս դեպքում պատգամավորները պարտավորված կլինեն առավելագույնս ակտիվ աշխատել: Հաճախ է նշվում, որ պատգամավորը նիստերի կեսից շատ բացակայելու իրավունք չունի, բայց կան, չէ՞, պատգամավորներ, որ ողջ նստաշրջանի ընթացքում են բացակա, գրեթե ոչ մի քվեարկության չեն մասնակցում, բայց նրանցից ոչ մեկը՝ նույն օրենքի կիրառմամբ, մանդատից չի զրկվել:
Հիմա էլ խոսվում է քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատելու, գործարարներին համամասնական ցանկերում չընդգրկելու մասին, բայց այսպես նրանք իրենց մանդատը կստանան մեծամասնական կարգով:
Մենք տեսնում ենք, որ գոյություն ունեցող խնդիրները չեն լուծվում, քանի որ դրա համար անհրաժեշտ փոփոխությունների մասին ոչ ոք չի խոսում: Փոխարենը՝ կրքեր են բորբոքում մեծամասնական-համամասնականի շրջանակներում, ինչն անպտուղ բանավեճ է: Ավելի արդյունավետ կլիներ, եթե բանավիճեին, թե ինչպես անեն, որ ընտրակեղծիքներ չլինեն: Իհարկե, անհրաժեշտ է, որ Ընտրական օրենսգիրքը կատարյալ լինի, բայց շատ ավելի կարեւոր է, որ օրենքի պահանջը կատարողները կարողանան կատարյալ լինել:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»