«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, որը եւս նախկին քաղբանտարկյալ է եւ բողոք ներկայացրել է ՄԻԵԴ, «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ ոչ ինքը, ոչ էլ իր կուսակից ընկերները, որոնք եւս հայցեր ունեն ՄԻԵԴ-ում, չեն պատրաստվում հետ վերցնել դրանք։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանից եւս փորձեցինք ճշտել, թե արդյոք նա մտադրություն ունի՞ հետ վերցնել իր բողոքը ՄԻԵԴ-ից։ Լսելով մեր հարցը՝ Միքայելյանը պատասխանեց. «Այդ հարցն ինձ չպիտի տայիք, իհարկե՝ ոչ»։ Նա նաեւ նշեց, որ ինքը չի պատկերացնում, թե ովքեր կարող են լինել այդ 17 հոգին, որոնք որոշել են հետ վերցնել իրենց հայցերը ՄԻԵԴ-ից, սակայն վստահեցրեց, որ ինքն այդ 17-ի մեջ չկա։
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե չգիտի, թե ովքեր են որոշել նման քայլ կատարել, սակայն ինքն անձամբ չի պատրաստվում հետ վերցնել իր բողոքը. «Չեմ հասկանում, դա ի՞նչ Է նշանակում. այսինքն՝ ճի՞շտ է, որ նրանց դատապարտել են, նեղացրել են, չէ՞ որ պետք է արդարություն լինի»։
Հացպանյանը նկատեց, որ ինքը համամիտ է Սիրունյանի այն դիտարկման հետ, թե ՀԱԿ-ը քաղբանտարկյալներին օգտագործում է սեփական խնդիրները լուծելու համար. «Քաղբանտարկյալների կառույց են ստեղծում, բայց քաղբանտարկյալների 80 տոկոսը դրանից տեղյակ չէ։ Ասում եմ՝ ինչպե՞ս, ինչո՞ւ այդ մարդուն չեք ասել, պատասխանում էին, թե ինչու պիտի տեղյակ պահենք, եթե այդ մարդը մեզանից չի։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում մեզանից չէ, ինչ է՝ ես իրենցի՞ց եմ, ինչպես եմ ես իրենցից, եթե ՀԱԿ–ի անդամ էլ չեմ»։
Կարդացեք նաև
Այդուամենայնիվ, ըստ Հացպանյանի, այդ պատճառով ՄԻԵԴ-ից հայցադիմումը հետ վերցնելը իմաստ չունի. «Ես տուժած եմ, էսքան տարի նստել եմ, ինձ ամեն ձեւ նեղացրե֊լ են, ես հենց դրա համար եմ դիմել Եվրադատարան, հո ես չեմ դիմել, որովհետեւ ՀԱԿ–ը կա մեջտեղում։ ՀԱԿ–ը չլիներ՝ ես չէի՞ դիմելու, հիմա որ Լեւոն Տեր–Պետրոսյանը գնա տուն, ես ի՞նչ է՝ դադարո՞ւմ եմ ընդդիմադիր լինելուց։ Անձերի մեջ չի խնդիրը, իրավական համակարգ Հայաստանում գոյություն ունի, եւ մենք ստիպված ենք մեր իրավական պաշտպանությունը մինչեւ վերջ տանել»:
Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ժամանակ»