Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հերքեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդումը, թե հայկական զինված ուժերում յուրաքանչյուր մահացության դեպք լուրջ քննարկման առարկա է դառնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: Նախարարը հերքեց իրավապաշտպանի նաեւ պնդումը, թե ԵԱՀԿ-ն լուրջ հարցադրումներ է ներկայացնում մեր իշխանություններին:
Պարոն Օհանյանն ասաց նաեւ, թե իրականությանը չի համապատասխանում իրավապաշտպանի այն տեղեկությունը, թե
2010-ի համեմատ 2011-ին աճել են մահացությանը նպաստող դեպքերի թիվը. «Բացահայտ ստում է, որովհետեւ նախորդ տարվա համեմատ ունենք բավական մեծ առաջընթաց: 2011-ը Հայաստանի համար եղել է ամենահաջող տարին եւ բանակի հրամանատարության եւ մեր բոլորիս ջանքերով հասել ենք նրան, որ մահվան ելքով դեպքերը նվազել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ