ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Մխիթարյանը, որ հայտնի է Մխիկ անունով, երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում ուղղակի հանճարեղ բացատրություն է տվել նախօրեին «Նիկո» խանութի մերձակայքում տեղի ունեցած կրակոցներին, եւ դա արել է հանճարեղ բառապաշարով։ «Էրեխեքը, ուսանողները համալսարանով ինչ-որ վիճաբանություն են ունեցել, այդ կրակոցներն էլ վիճաբանության շարունակությունն են եղել»,- ասել է Մխիթարյանը։ Ավելի ամբողջական գնահատական իր կուսակցական բոսի ստեղծած Հայաստանին՝ պատգամավորը իսկապես չէր կարող տալ։ «Պորշե կայեններով» ու «Բրաբուսներով», մինչեւ ատամները զինված պոտենցիալ մարդասպանները, որոնք փոխհրաձգություն են սարքում Երեւանի փողոցներում, հանրապետական պատգամավորի համար ընղամենը էրեխեք են։ Շատ ավելի կարեւոր է, որ այդ երեխաները Երեւանի պետական
համալսարանի ուսանողներ են։ Բնականաբար, նրանք ուսանող են դարձել ազատ եւ արդար ընդունելության քննությունների միջոցով։ Գրազ գանք, նրանց 80 տոկոսը իրավաբանական ֆակուլտետի ուսանող է։ Մի անհանգստացեք, նրանց հաստաքսակ պապաները թույլ չեն տա, որ նրանք դատվեն։ Ընդհակառակը, նրանք բարեհաջող կավարտեն բուհը, կդառնան
քննիչ, դատավոր ու դատախազ եւ կդատեն, վճիռներ կարձակեն հանուն Հայաստանի Հանրապետության, ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Իսկ մինչ այդ՝ երեխա են, թող կրակեն Երեւանի փողոցներում։ Զբաղվեն, հասկանան, որ ազատ են Երեւան քաղաքի փողոցներում արյուն հեղել, որքան սրտները ուզի, իրենց հանդուրժող պապաների նման:
«Հայկական ժամանակ»
Կարդացեք նաև