Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոճանապարհային խախտումների տուգանքների 70 տոկոսը գնալու է «Security dream»-ի սեփականատիրոջ գրպանը

Հունվար 19,2012 10:37

Վերջին օրերին ամենաշատը խոսվում է Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկների մասին, որոնք պետք է արձանագրեն ճանապարհատրանսպորտային խախտումները, եւ դրանց հիման վրա համապատասխան ակտեր ուղարկվեն վարորդներին։ Ավտոճանապարհային պատահարներով լեցուն Երեւանի փողոցներում ձայնագրող տեսախցիկներ տեղադրելը վատ գաղափար չէ։ Առավել հետաքրքիր է բուն գործընթացը: Այսպես՝ ՀՀ կառավարությունը մրցույթ է հայտարարել, եւ դրանում հաղթել է

«Security dream» նորաստեղծ ընկերությունը, որը ստեղծվել է բառացիորեն մի քանի ամիս առաջ եւ խոստացել է մինչեւ 2017 թվականը 9.8 մլն եվրոյի ներդրում անել։ Այս պահին նորաստեղծ «Security dream»-ը տեղադրել Է ընդամենը 15 արագաչափեր՝ մայրուղիներում, եւ խախտում արձանագրող 10 տեսախցիկներ՝ Երեւան քաղաքի տասը խաչմերուկներում։ Սրա դիմաց ընկերությունը ստացել Է այնպիսի առավելություններ կառավարությունից, որի մասին չի կարող երազել որեւէ բիզնես-ընկերություն Հայաստանում։ Այսպես՝ այսուհետ ավտոճանապարհային խախտումների տուգանքների 70 տոկոսը գնալու է «Security dream»-ի սեփականատիրոջ գրպանը՝ ՀՀ ոստիկանությունը 25 տարով պայմանագիր է կնքել ընկերության հետ։ Թեեւ պայմանագրում նշվել է, որ ներդրումը վերադարձնելուց հետո փոփոխություն պետք է արվի։ Ասենք, տուգանքների ոչ թե 70, այլ 50 տոկոսը կմնա ընկերությանը, սակայն, հստակեցված չէ, թե ինչպիսի փոփոխություն կարվի։

Որպես օրինակ նշենք, որ 2008-ին ավտոտրանսպորտային

խախտումներից պետբյուջե է մտել 4 մլրդ դրամ գումար։ Համաձայնեք, որ դրա 70 տոկոսը պատկառելի գումար է եւ մշտական եկամուտ այդ նորաստեղծ ընկերության համար։ Եթե հիշում եք, տարեվերջին ոստիկանությունն օրենքի փոփոխություն անցկացրեց ԱԺ-ում, որով ավտոտրանսպորտային խախտումների տուգանքների չափերը բարձրացան։ Թերեւս արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե ինչ բիզնես է ապահովվել այդ ընկերության համար։ Այլ հարց է, որ այդ տեսախցիկները կարող էր տեղադրել պետությունը, եւ այդ գումարները գնային պետական բյուջե։ Սակայն այստեղ պարզ երեւում է, որ 25 տարով բավական կայուն եկամուտներով բիզնես է ապահովվել կոնկրետ ընկերության համար, այն պարագայում, երբ անհասկանալի է, թե խախտում արած վարորդն ինչու պիտի փաստացի գումարներ մուծի ինչ–որ մասնավոր ընկերության։

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031