Ընդամենը երեք ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գործարարությունը պետք է տարանջատվի իշխանությունից։ Եվ չնայած դրան՝ նախընտրական այս շրջանում գրեթե ամեն օր որեւէ գործարար, օլիգարխ իշխանության ներկայացուցիչների, նախագահի լուռ հայացքի ներքո հայտարարում է ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Օրերս էլ իշխող կուսակցության փոխնախագահը հայտարարեց, թե գործարարներն առաջադրվելու են մեծամասնական ընտրակարգով։
Կարելի է երկու եզրակացություն անել. կամ նախագահի խոսքին նրա իսկ թիմում, օլիգարխիկ շրջանակներում լուրջ չեն վերաբերվում, կամ էլ նախագահն այս ամենը ասել էր պարզապես հասարակության մեջ օլիգարխների դեմ տրամադրություններին համահունչ լինելու եւ ժողովրդի համակրանքը շահելու համար, մինչդեռ իրականում այդպիսի նպատակ նա ամենեւին էլ չունի։
Երբ իշխանությունը պնդում է, թե գլխավորը ոչ թե այս կամ այն ընտրակարգին առավելություն տալն է, այլ որակյալ խորհրդարան ձեւավորելը, տրամաբանորեն պետք է առաջին հերթին փակեր դռները մականունավորների, կոճակ սեղմողների ու օլիգարխնեոի առջեւ։ Երբ դա տեղի չի ունենում, վերջիններս այս կրավորականությունն ընկալում են որպես իրենց ուղղված առեւտրի առաջարկ։ Իսկ մարդիկ հասկանում են, որ նման հարաբերությունների պայմաններում, ինչ ընտրակարգ էլ գործի, միեւնույն է՝ խորհրդարանում որակ է կազմելու հենց այս կոնտինգենտը։
«Երկիր»