Երեկ՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևան–Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Կապան «ծակեր» կոչվող ճանապարհի 8.9 կմ հատվածում՝ Քարահունջ գյուղի մոտ, «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՏՏ 944 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:
Վթարի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարարները: Նրանք ձորից դուրս են բերել մահացած 2 անձանց դիակները և 1 վիրավորի: Վիրավորը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ Արամ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի քննչական խումբը: Վարորդը, ով տեղում մահացել է, Գորիս քաղաքի բնակիչ 40-ամյա Գևորգ Շադունցն էր, իսկ մյուս մահացածը՝ ուղևոր, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Աշխեն Լևոնյանն էր: Վիրավորը՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ 21-ամյա Արամ Դանիելյանն է։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։