Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյան. ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությունն այս պահին իրատեսական չէ

Հունվար 19,2012 00:05

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի՝  խորհրդարանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրելու եւ ԱԺ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու շանսերը, այդ նախաձեռնությունն առաջիններից մեկը պաշտպանած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ` դա ճիշտ եւ լավ ու կարեւորը՝ անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է: Մենք այդ մասին նաեւ նախկինում ենք խոսել եւ այսօր էլ դա անհրաժեշտ ենք համարում քաղաքական կուսակցությունների դերն ու պատասխանատվությունն էլ ավելի մեծացնելու իմաստով: Ընդհանրապես մենք Հայաստանի կառավարման համակարգում ապագայում նաեւ այլ փոփոխություններ ենք ակնկալում, այդ թվում՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտություն ենք տեսնում, որովհետեւ Հայաստանի եւ նմանատիպ պետությունների փորձը ցույց է տալիս, որ այս տիպի քաղաքական համակարգը բերում է նրան, ինչ մենք այսօր ունենք Հայաստանում: Վերջապես, քաղաքական կառավարման համակարգն է պատճառը, որ թույլ է տալիս այնպիսի առաջնորդների գործունեությունը, որը հանգեցնում է մեր երկրի նման երկիր ունենալուն, որտեղ կա ահռելի չափերի հասնող արտագաղթ, ծանր սոցիալական վիճակ եւ այլն:

Կոնկրետ այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ մենք ներդնելու ենք մեր ողջ ուժերը, բայց ուզում եմ անկեղծորեն ասել, որ  իրատեսական չեմ համարում մինչեւ խորհրդարանական ընտրություններն այդ հարցի լուծմանը հասնելու հնարավորությունը: Ես ինքս ավելի հակված եմ մտածելու, որ դա ավելի շատ  ապագայի համար լավ հայեցակարգ է, որը մենք հետագայում կարող ենք պաշտպանել խորհրդարանում՝  փորձելով հասնել դրա լուծմանը: Զուտ տեխնիկական առումով էլ չեմ պատկերացնում այդ խնդրի լուծումը՝ բացառությամբ մի դեպքի, եթե այս խնդրի շուրջ համախմբվող ուժերը  կարողանան հասնել   իշխանությունների վրա հասարակական ու քաղաքական ճնշման այնպիսի  մակարդակի, որի դեպքում իշխանությունները ստիպված լինեն կամովին գնալ  այդ խնդրի լուծմանը: Իսկ այս պահին նման բան ես չեմ տեսնում: Ուզում եմ, որ անկեղծ լինենք եւ չկորցնենք իրականության զգացողությունը»:

Խաչատուր Քոքոբելյանը նաեւ արձագանքեց մեր այն հարցին, թե արդյոք «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրակարգով  իրենց թեկնածուները կունենա՞, եթե այս նախաձեռնությունը տապալվի: «Այս պահի դրությամբ, այո,  մենք հակված ենք մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուներով: Պարզ է, որ ընդդիմությունը  շատ  մեծ ռեսուրսներ չունի՝ բացի հասարակական աջակցությունից: Հենվելով իր այդ հիմնական ռեսուրսի վրա՝ չպետք է փոշիացնի իր հնարավորությունները ու կարողանա միասնաբար հանդես գալ: Դա շատ ճիշտ լուծում կլինի, եթե, իհարկե, ընդդիմադիր հիմնական ուժերը կարողանան իրենց մեջ ուժ գտնել այդ մոդելով առաջնորդվելու»,- հայտարարեց եւ առաջարկեց «Ազատ դեմոկրատների» առաջնորդը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» տպագիր համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031