Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի պարտքերը Գիզիրյանից են ուզել

Հունվար 18,2012 20:31

Մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Գիզիրյանը (կենտրոնում), դժգոհեց Տուֆաշենի գյուղապետից

Ինչպես տեղեկացրել ենք,  մի շարք ապօրինություններ թույլ տալու ու աշխատել չսիրելու մեղադրանքով երեկ  պաշտոնազրկել են Շիրակի մարզի գյուղապետերից մեկին` Արթիկի շրջանի Տուֆաշեն համայնքի 6 տարվա ղեկավար Համազասպ Մխիթարյանին:

Մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցների բնութագրելով, գյուղապետը ոչ միայն  տարին տասներկու ամիս տեղում չի եղել, այլև փաստացի փախուստի մեջ  է գտնվել, այնքան պարտք ու տալիք է արել, որ պարտք  տվողները եկել ու մարզպետարանցիների կոկորդն են բռնել: «Մեկ գյուղացիներն էին խմբովի մարզպետարան գալիս, մեկ ավագանու անդամները ու խնդրում էին` մի ճար գտեք, մեզ գյուղապետից փրկեք: Մենք էլ ստիպված ոչ օֆիցիալ հետախուզում էինք հայտարարում ու վերջինս բերման էինք ենթարկում:Բայց ինչքան կարելի է էդպես աշխատել:Մարդիկ բյուջե են ուզում հաստատել,  գյուղապետը կորած է,  չկա, գյուղապետարանում ձևի համար ոչ մի փաստաթուղթ չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում բողոքեց մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը:

Մենք այս  պաշտոնյայից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է Կարլեն Աբրահամյանը անձնական խնդիրներ ունի գյուղապետի հետ, որի պատճառով էլ նրան մարզպետ Գիզիրյանը պաշտոնանկ է արել: Նշենք, որ  Կարլեն Աբրահամյանը Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերն է, և երկու օր առաջ Տուֆաշենի գյուղապետը 7or.am էլեկտրոնային կայքում իր անունից նամակ էր հրապարկել` մարզպետարանի  վերոհիշյալ պաշտոնյանին մեղադրելով մարզպետի գործառույթը ձեռքից վերցնելու ու Արթիկը փաստացի կառավարելու մեջ:

Տուֆաշենի գյուղապետը, բնութագրելով մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի աշխատանքը, նշել էր, որ «հուսախաբություն, վիրավորանք, զայրույթ ու հակակրանք» է զգում: Ի դեպ, մեզ հետաքրքրող  թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ հենց գյուղապետից, սակայն նա երեկվանից անհասանելի էր:

Մարզպետարանի պաշտոնյաների ասելով, այսօր գյուղապետարանում փաստաթղթերի ընդունում-հանձնում պիտի կատարեին, սակայն նա առավոտից մարզպետարանի աշխատակիցներին նստեցրել է գյուղում, խաբել ու չի եկել: Կառլեն Աբրահամյանը,  ի պատասխան մեր հարցի, վստահեցնում է, որ ինքը ոչ մի անձնական խնդիր չի ունեցել գյուղապետի հետ, միակ խնդիրը եղել է  այն, որ 5-6 տարի շարունակ նրան չի կարողացել գտնել` աշխատեցնելու համար: «Արթիկն էլ ոչ մարզպետը, ոչ էլ ես եմ կառավարում, Արթիկը քաղաքապետ ունի»,- ասում է մարզպետարանի պաշտոնյան:

Ինչևէ, մենք տուֆաշենցիներից նույնպես փորձեցիքն ճշտել, թե ինչո՞ւ են բողոքավոր գյուղապետից: Ի դեպ, գյուղի մեծ մասը նրա բարեկամներն են, կոլխոզի ժամանակ նրա հայրն է եղել կոլխոզի նախագահը: Գյուղացիները դժգոհեցին, որ Համազասպ Մխիթարյանը  գյուղի համար ոչինչ չի արել, եղածն էլ քոռուփուչ է արել, օրինակ ասենք` մի կիասաքանդ բուժարան կար, հիմնահատակ քանդել է տվել, գյուղապետարանի առաջին հարկում դպրոցի երեխաների համար ճաշարան են սարքել, ձրի հաց են բերում, ճաշարանը բիլիարդանոցի է վերածել, գյուղացիներից պարարտանյութերի փող  է հավաքել ու ապրանքը չի տվել:

Տուֆաշեցիների դժգոհելով, իրենք նույնիսկ անասուններին ջուր տալու համար, հասնում են գյուղի ձորը, որտեղից էլ, բավականին վտանգավոր պայմաններում,  ջուր են կրում: «Ջրամբարից ջուրը անիմաստ թափվում, ճանապարհները սառցակալվում են, բայց մենք խմելու ջուր չունենք: Շուրջբոլորի գյուղապետերը իրենց ճանապարհները սարքել տվեցին, բայց մեր վիճակն ինչ է, ավտոբուսը գյուղ է մտնում,  միջի ուղևորները ցնցումներից  քիչ է մնում ուշագնաց լինեն: Բա որ  գյուղի կլուբը տեսնեք, պատուհանների փոխարեն ցելոֆոններ են քաշած, էլ չենք խոսում կաթկթոցների մասին, որի պատճառով  գյուղի հարուստ գրադարանը ավերակ է դարձել: Գյուղը 4 հատ  քարի հանք ունի, բայց  գյուղացիներից ոչ մեկը հանքատեր չէ, գյուղի ջահելությունը էնտեղ  ստրուկի պես աշխատում է:Մյուս գյուղերը ռեստորան ու հյուրանոց են սարքում, օրինակ կողքի Հայրենյացը, Պեմզաշեն էլ մտնում ես` գեղեցկությունից բարևդ ես մոռանում, իսկ  մենք գյուղապետի երեսը չենք տեսնում, նա Արթիկում էր ապրում, զանգում ես` հավերժ անհասանելի է », -դժգոհեցին մեր զրուցակիցները: Ըստ նրանց, գյուղապետը 6 տարվա մեջ գյուղի համար մի լավ բան է արել, խաչքար է  դրել, որի վրա սակայն  իր անունն է գրել:

Գյուղացիների ասելով,  գյուղապետը պարտք –տալիքի  մեջ է, ձեռքից նույնիսկ ավտոմեքենան են առել, տուն ու տեղ ծախել է ու փախել է: Նշենք, որ Համազասպ Մխիթարյանով այժմ հետաքրքրված է  ԱԱԾ-ն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031