Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամուսնալուծությունը կանխելու լավագույն միջոցը մինչ ամուսնությունը հոգեբանին դիմելն է»

Հունվար 18,2012 17:44

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ժողովրդագրության

մարդահամարի բաժնի հրապարակած տվյալների` 2011թ.-ի հունվար-մարտ ամիսների տվյալներով ամուսնալուծությունների թիվը կազմել է 776, ինչը 9,4 %-ով  բարձր է 2010թ.-ի հունվար-մարտ ամիսների ցուցանիշից:

Ի՞նչն է դրդում հայ զույգին ամուսնալուծության, ի՞նչ հաճախականությամբ  և պատճառաբանություններով են զույգերը ամուսնալուծությունը կանխելու նպատակով դիմում հոգեբանին, այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Այգ՚ հոգեբանական կենտրոնի մասնագետ Մարիա Թևոսյանի հետ:

 

Համեմատած նախորդ տարիների հետ, ի˚նչ հաճախականությամբ են զույգերը ամուսնալուծությունը կանխելու նպատակով  դիմում կենտրոնին:

 

-Կարող եմ փաստել, որ վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն աճել է ամուսնալուծության շեմին կանգնած զույգերի այցելությունների քանակը կենտրոն:  Ընդ որում, եթե նախկինում ամուսիններից  միայն մեկն էր դիմում մասնագետի օգնությանը, ապա այժմ նրանք փորձում են միասին լուծել առկա խնդիրը: Սա առաջընթաց է `հայ ընտանիքի կայացման ճանապարհին:

 

Տարիքային ո՞ր խմբին են պատկանում այս հարցով հոգեբանին դիմող զույգերը:

 

-Այս առումով ևս որոշակի առաջընթաց ունենք.եթե նախկինում հոգեբանի աջակցությանը դիմում էին հիմնականում երիտասարդ զույգերը, ապա այսօր դիմորդների թվում են նաև միջին տարիքի և նույնիսկ տարեց զույգեր:

 

– ՙԱմուսնական ճգնաժամի՚ ո՞ր փուլում են զույգերը հիմնականում դիմում հոգեբանին:

 

-Նախկինում ամուսինները հոգեբանին դիմում էին հիմնականում  ՙճգնաժամի՚ ուշ փուլում. իսկ ահա այսօր, մասնավորապես երիտասարդ զույգերը հոգեբանի աջակցությանը հաճախ դիմում են մինչ ամուսնությունը.սա նպաստում է կազմվելիք ընտանիքի կայացմանը: Նկատելի է նաև միջին տարիքի և նույնիսկ տարեց զույգերի` ամուսնության ուշ փուլում հոգեբանին դիմելու տենդենցը:

 

Ո՞րն է այսօր հայ ամուսինների բաժանության հիմնական պատճառը:

-Երիտասարդ զույգերից մինչև տարեցների` հոգեբանին դիմելու հիմնական պատճառը դավաճանված լինելու հանգամանքն է: Ընդ որում, եթե նախկինում դավաճանվածի դերում հանդես եկողը հիմնականում կինն էր, ապա այսօր` նաև տղամարդն է: Բաժանության պատճառ կարող է լինել նաև ամուսնու կողմից կիրառած բռնությունը, վերջինիս` հարբեցող լինելու հանգամանքը,  ֆինանսական խնդիրները, սակայն մեկ պատճառը բաժանության համար բավական չէ. պետք է առկա լինեն մի քանիսը.օրինակ` միաժամանակ թե՛սոցիալական, թե՛ հոգեբանական բնույթի:

 

Այսօր հոգեբանի աջակցությանը դիմու՞մ են զույգեր մարզերից:

 

-Այո՛, այս պահին կենտրոնն ունի վեց   հաճախորդ Հայաստանի տարբեր մարզերից: Մոտ հինգ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի շատ մարզերում, մանավանդ` գյուղերում առկա կարծրատիպը` ընտանեկան խնդիրը տան պատերի մեջ պահելը, կարող է կոտրվել, այնինչ այսօր նկատելի է նաև այս արդյունքը: Մարզի բնակիչները հոգեբանի հետ հաճախ կապ են հաստատում skype-ի միջոցով, քանի որ երբեմն դժվար է լինում կենտրոն այցելելու համար երկար ճանապարհ անցնել: Այսօր հոգեբանները աշխատում են նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցների հետ: Ունենք հաճախորդներ Ռուսաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:

Մարզում ապրող զույգերի հիմնական ամուսնական խնդիրը ամուսինների հաճախակի այցերն են արտագնա աշխատանքների: Զույգերի` երկար ժամանակ միմյանցից հեռու ապրելու հետևանքով առաջ են գալիս մի  շարք հոգեբանական խնդիրներ:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք  ամուսնանալ պատրաստվող զույգերին:

 

-Ցանկալի է, որ ամուսնանալ պատրաստվող զույգերը մինչ որոշիչ քայլին դիմելը հանդիպեն հոգեբանի հետ, քննարկեն ամուսնական կյանքի մանրամասներ, ինտիմ հարցեր: Սա արդյունավետ մեթոդ է` հետագայում ծագող խնդիրները կանխելու գործում:

 

 

Աննա Բաբաջանյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031