Անցած տարին նշանավորվեց մի պատմությամբ, որը, ճիշտ է, ինչ-որ իմաստով սասանեց մարդկանց հավատը կառավարական օղակների բանիմացության հանդեպ, սակայն, փառք աստծո, զվարճալի ավարտ ունեցավ: Խոսքը վերաբերվում է քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությանը: Սակայն ծիծաղում է նա , ով վերջում է ծիծաղում: Հիմա եկել է Հրանուշ Հակոբյանի հերթը քահ-քահ ծիծաղելու: Այս անգամ հերթական ավանտյուրիստի որոգայթներում հայտնվեցին ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Ինչպես մեծ մտածողներից մեկն էր ասում` «Պատմությունը կրկնվում է երկու անգամ, մերթ որպես զավեշտ, մերթ որպես ողբերգություն»: Պատմությունն այս անգամ ոմանց համար ողբերգական ընթացք ունեցավ: Եվ այսպես, լրատվամիջոցները մեծամասամբ, սոցիալական ցանցերն ու բլոգները , «Չենք լռելու» երիտասարդականը, անցած տարում ձեռքից-ձեռք խլելով, իրար հերթ չէին տալիս ինտերվյու վերցնելու մի անձնավորությունից, որն իբր վերջին տասը տարում զբաղվելով կինոարտադրությամբ, թողել է Մոսկվան, եկել Հայաստան, ֆիլմ է նկարահանում Ղարաբաղի պատերազմի մասին, որով նա լուծելու է ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը: Այդ ֆիլմի բյուջեն մի լրատվամիջոցում ներկայացվում է 5-7 միլիոն դոլար, մյուսում` 7,5 միլիոն դոլար: Այդ ֆիլմի նկարահանման համար իբր ռեժիսորը 7 միլիոնն արդեն ունի, ֆիլմն ավարտին հասցնելու համար նրան պակասում է ընդամենը կես միլիոն դոլար, որն էլ խոստացել է տրամադրել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` հանձնարարելով այդ գործը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, վերջինս էլ, չգիտես ինչու, ձգձգում է գումարի տրամադրումը արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած այս ֆիլմի հեղինակին: Ֆիլմի մասին նաև ԶԼՄ-ները գրում են, որ ռեժիսորի ասելով այն ներկայացվելու է Օսկարի մրցանակի, արտադրվելու է հինգ լեզուներով, հինգ երկրների կողմից: Ֆիլմում երևալու են նաև Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Քերոլայն Քոքսը, Կոմանդոսը, Սամվել Բաբայանը և ուրիշներ: Գլխավոր դերակատարներից մեկն էլ լինելու է թուրքերի և ադրբեջանցիների կողմից սիրված հնդիկ դերասան/ անունը չի նշվում/: Ամենասարսափելին այն է, որ այս ֆիլմի մասին ադրբեջանցիներն արդեն իմացել են և ամեն օր սպառնում են ֆիլմի հեղինակին, որ դադարեցնի նկարահանումները, թե չէ վիզը կթռցնեն: Հակառակի պես մեր Ազգային անվտանգության մարմիններն էլ կարծես քնած լինեն, տիրություն չեն անում , «աշխարհահռչակ» այս ռեժիսորին: Հայկական լրատվամիջոցներից և ինտերնետ կայքերից հայտնի դարձավ, որ «աշխարհահռչակ» այս ռեժիսորը 17 տարեկանից մասնակցել է Արցախի ազատագրման մարտերին, առանձնակի նշանակության գումարտակի հետախույզ է եղել, տեսել է, թե թուրք բանտապետները ինչպիսի դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ, այդ ամենը նա տեսել, զգացել է իր վրա և համոզված է, որ լավ ֆիլմ է ստացվելու: Կարդալով և դիտելով այս ամենը` սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվում, հնչում են դառն ու թունոտ արտահայտություններ ֆիլմի արտադրությունը կասեցնող Հասմիկ Պողոսյանի հասցեին, իսկ Հասմիկ Պողոսյանի «իսկի վեջն էլ չէ, տնաշենը չի էլ արձագանքում»: Դեռ ավելին, աշխահահռչակ ռեժիսորին մի կարգին ընդունելության էլ չեն արժանացրել, աշխատողներն այդ օրը կոֆե խմելիս են եղել, «Օդնոկլասնիկ»-ով են զբաղվել, փոխանակ նրան հոտնկայս դիմավորեին: Ինչու է լռում երկրի նախագահը, որն իր դաբրոն վաղուց արդեն տվել էր այս ֆիլմի նկարահանումն ավարտին հասցնելու համար, 500 հազար դոլարն ինչ է, որ չեն տալիս: Մամուլում և սոցցանցերում հնչող հարցեր, որոնց պատասխանները չեն տրվում ոչ նախարարի և ոչ էլ նախագահի աշխատակազմերի կողմից: Այս ամենը կարծես կատակերգական սերիալի սցենար լինի: Սոցցանցերում և մամուլում գրվում է նաև, որ արդեն ֆիլմի մասին կարծիքներ են հայտնում աշխարահռչակ կինոգործիչներ: Լրատվամիջոցներն իրար հերթ չեն տալիս հարցազրույցներ ունենալու ռեժիսորի հետ: Նրա մասին գրվում է, որ վերջին տասը տարում ապրելով Մոսկվայում աշխատել է մոտ տասնհինգ հեռուստաընկերություններում, տասնյակ հեռուստածրագրերի ղեկավար է, հայտնի շոումեն է,/հայտնի չէ`որտեղ է հայտնի/, վոկալիստ է, երգում է, պարում է/ հայտնի չէ` որ բեմերում է երգել, պարել/:Նշվում է, որ ռուսերեն գերազանց գիտի, /միայն վատն այն է, որ ռուսերեն ոչ մի բառ նրա կայքում առանց տառասխալի չի գրված/, անգլերենին տիրապետում է բառարանով, /լավն այն է, որ բառարաններում բառերն առանց տառասխալի են գրվում/, ձայնը նման է Լևիտանի ձայնին /երևի շուտով կազդարարի իր ֆիլմի հաղթական ավարտի մասին/: Նաև սցենարներ է գրում: / Ափսոս, որ նա հայերեն կամ ռուսերեն մի նախադասություն առանց սխալի չի կարող շարադրել/: Մի դիտարկում ևս` ռեժիսորի մասին ներկայացվող կենսագրության մեջ ոչ մի տեղ չի նշվում, թե ինչ կրթություն է ստացել / երևի վստահ չէ, որ ավարտել է Հրազդանի պրոֆտեխուսումնարանը ընդամենը / և որտեղ է աշխատել առհասարակ / երևի իրեն արժանի տեղ չի գտել/: Ոչ մի լրագրողի մտքով իսկ չի անցել հետաքրքրվելու` պատերազմում երեք տարի կռիվ տալուց հետո /իրականում պատերազմը երկու տարի է տևել/ Արցախի պատերազմի այս «վետերանին» ինչ մարտական շքանշանների և պատվի են արժանացրել կամ վիրավորվել է արդյոք քաջազուն այս «վետերանը»: Ոչ մի լրագրողի մտքով չի անցել, բա սա լինելու բան է…
Թվում էր սենսացիոն այս պատմությունը, որն արդեն վերածվել էր անհեթհեթության, այդպես էլ կավարտվեր. երբեմն սենսացիաները հատկություն ունեն արագ տարածվելու և արագ էլ մոռացվելու: Քիչ էր մնացել մոռացության մատնվեր նաև այս մարդը, եթե տարվա վերջին տեղի չունենար մի այլ կարևոր իրադարձություն, որին դարձյալ անդրադարձան հայկական լրատվամիջոցներն, այս անգամ առանց բացառության: Մամուլում և հեռուստաէկրաններին հայտնվում է «ՀՀ տարվա քաղաքացի» տիտղոսին արժանացած մարդը, նույն ինքը «աշխարհահռչակ» կինոռեժիսորն արդեն նոր կարգավիճակով, այս անգամ որպես կրպակավար, որն իր իրավունքների համար մինչև վերջ պայքարող և հաղթանակի հասնող ՀՀ 2011թ. «Տարվա քաղաքացի» է ճանաչվում: Այս կոչումը նրան շնորհում է «ՇՊԱԿ» կազմակերպությունը` Հրազդանի տարածքային կազմակերպության ներկայացմամբ: Բայց ավելի լավ է ներկայացնենք պատմությունն այն մասին, թե «Աշխարահահռչակ» ռեժիսորը ինչպես դարձավ սովորական կրպակավար: Այն ժամանակ, երբ մամուլում և սոցցանցերում թնդում էր «ռեժիսորի» անունը, Հրազդանի հարկային տեսչության աշխատակիցները չիմանալով նրա «համբավի և հռչակի» մասին, փորձել են մուտք գործել տեսասկավառակների վաճառքի Հրազդան քաղաքի Կենտրոնում գտնվող նրա կրպակ և արձանագրություն կազմել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ: Դու մի ասա այս «աշխարհահռչակ» ռեժիսորը,, կրպակում թաքնված տեսախցիկ է ունեցել , նկարահանել է, և ապա ՇՊԱԿ –ի իր ընկեր Տիգրան Գրիգորյանի իրավաբանական աջակցության շնորհիվ հարկային աշխատողների վրա կանոնակարգի խախտումների մասով գործ է սարքվում: Եվ քանի որ ռեժիսորի քաջնազարական դրոշն արդեն ծածանվում էր ինտերնետում և հայկական մամուլում, Հրազդանի հարկային տեսչության 7 երիտասարդ աշխատակիցների կարիերային վերջ է տրվում: Ինչպես տեսնում եք պատմությունը կրկնվեց, այս անգամ ոմանց համար ողբերգական ավարտով: «Աշխարհահռչակ» այս ռեժիսորը, որը Հրազդանում ճանաչված էր որպես գործ տվող ու գործ սարքող անձնավորություն, /հայտնի է նաև, որ նա նույնիսկ Ղարաբաղում կռված իր հարազատ եղբոր վրա է գործ սարքել Հրազդանի ոստիկանությունում/ , ահուսարսափ է տարածում տեղական մարմինների վրա, մանավանդ որ մամուլով տարածվել է, թե սա ունի ՀՀ նախագահի դաբրոն: Ն.Վ. Գոգոլի «Ռևիզորի» Խլեստակովից ահաբեկվածների նման շատ շատերը խուճապի են մատնվում: Մարդիկ մտածում են`«Թերթերը, որ այսքան գրում են, մի բան կա երևի, գուցե իսկապես սա նախագահի դաբրոյին արժանացած անձնավորություն է, զգուշանանք սրանից, միգուցե մի սխալ էլ մենք գործած կլինենք»: «Աշխարհահռչակ» -ի մարդկային որակների մասին քաջատեղյակ էին Հրազդանում, սակայն ռեժիսորականի և դերասանականի մասին շատ քչերը գիտեին : Այն , որ վերջին 10 տարում նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, թերթերից իմացան: Հրազդանցիները կրկին ներշնչվեցին իրենց տեսողության վերաբերյալ կասկածներով: Եթե նա 10 տարի ապրել է Մոսկվայում, ապա այդ ով էր տարիներ շարունակ տեսասկավառակներ պտտեցնում Հրազդանի Կենտրոնում` չորսբոլոր լցնելով թուրքական և ադրբեջանական մեղեդիներով ու մուղամներով, դիտողություններին էլ միշտ պատասխանում` «Ժողովրդի պահանջով եմ անում»: Այդ ով էր Հրազդանում տպիչների ոչ արհեստավարժ լիցքավորում իրականացնում` տեղիք տալով այցելուների բողոքներին:Այդ ով էր տնետուն ընկած որպես վարձու Ձմեռ պապ ներկայանում, որի գովազդը պտտվում էր Հրազդանի եթերում: Այդ ով էր Հրազդանում թաքնված տեսախցիկով անտաղանդ ու անճաշակ «Բլեֆներ» սարքում, որոնից միայն մեկը ցուցադրման ենթարկվեց «Հրազդան» ՀԸ-ում` նրա երկարատև խնդրանքներին և ծակող–թափանցող համառությանը անսալով: Հետո էլ պատրաստվում էր դատի տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը `իբր «Բլեֆ»-ի վերնագիրը իրենից են գողացել: Խելքը իրենը չէ մարդկանց դատի տալու համար: Թերթերում գրում են, որ «Աշխարհահռչակը» դերասան Իշխան Ղարիբյանի արժանավոր հետնորդն է: Հրազդանի Դրամատիկական թատրոնի ռեժիսոր, բազմաթիվ փառատոնների մրցանակակիր Աշոտ Սարգսյանը, որը երջանկահիշատակ Իշխան Ղարիբյանից հետո գլխավորում էր Հրազդանի դրամատիկական թատրոնը, նրա մասին կարճ արտահայտվեց`«Նա Իշխան Ղարիբյանի հետնորդ չէր կարող լինել, որովհետև նրա մեջ ոչ դերասան կար և ոչ էլ ռեժիսոր, նրա օրոք սա նույնիսկ բեմի բանվոր էլ չի եղե»: Օրինական հարց է առաջանում, եթե այսքան բան գիտեինք, ինչու էինք լռում, որպես լրագրող ինչու չէինք արձագանքում: Սա արդեն ուրիշ պատմություն է. բոլոր ձվերը մեկ զամբյուղում չեն տեղավորվի…: Թեև մենք գիտեինք «Աշխարհահռչակի» ստախոսության և շանտաժի հատկությունների մասին, այնամենայնիվ, այսքան ստեր լսելուց հետո, անկեղծ ասած, քիչ էր մնում մենք էլ հավատայինք նրան: Այն որ նա կինոարտադրությամբ է զբաղվել և «աշխարհահռչակ» ռեժիսոր է , ավելի շատ կոմիկական, քան էպիկական ժանրի պատմություն էր: Բայց Արցախի պատերազմին մասնակցելու մասին մտածում էինք` մեր աչքի առջև թրև եկող այս տղան կարող է իսկապես մեզանից թաքուն գնացել, Ղարաբաղի կռիվներին մասնակցել է, այն էլ 17 տարեկան հասակում: Փորձեցինք Հրազդանի զինկոմ, գնդապետ Ս. Գրիգորյանից ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք պատերազմի վետերան ներկայացած «Աշխարհահռչակ ռեժիսորը» եղել է Ղարաբաղում և մասնակցել ազատագրման կռիվներին: Նա մեր հարցմանը ներկայացրեց պաշտոնական պատասխան` «Գագիկ Շիրինի Աթասյանը ՀՀ ԶՈՒ ծառայել է 1995թ. հոկտեմբերի 23-ից մինչև 1997թ. նոյեբերի 25-ը: Արցախի ազատագրման համար կռվողների կազմում նրա անունը չկա»: Ապա զինվորականին հատուկ կտրուկ ավելացրեց`«Մարդ, որն իր կենսագրությունը ֆալսիֆիկացիայի է ենթարկում շահադիտական նպատակով ինչ-որ դիվիդենտներ ձեռք բերելու համար և պատերազմի մասնակցի կեղծ տեղեկություններ է տարածում, քրեական հանցագործ է, պատերազմի ժամանակ այդպիսի պադոնոկներին գնդակահաում էին, նրանք պղծում են մեր զոհերի թափած արյունն ու հիշատակը»; Արցախյան պատերազմին մասնակցած հրամանատարի ինքնասիրությունն ու պատիվը վիրավորված էր: Մեզ հասած ստույգ տեղեկություններով պարզեցինք նաև, որ այս անձը բանակում եղել է մոտ երեք տարի, նրա մեկ տարին ծառայություն չի համարվել, քանի որ զինվորական պարտադիր երկու տարվա ծառայությունից խուսափել է: Մեր հերոսի անունը ընդամենը մեկ անգամ նշեցինք: Պետք չէ, որ նրա անունը մնա պատմության մեջ: Ինչպես քյավառցի «աստղաֆիզիկոսի» , այնպես էլ հրազդանցի «աշխարհահռչակ» ռեժիսորի անունները պիտի ջնջվի մարդկանց հիշողությունից :Պիտի անհետանա նաև մամուլի էջերից ու ինտերնետ կայքերից: Դա կարելվույն չափով շուտ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել ապրել և արարել անխռով ու ազնիվ կյանքով, որպեսզի չսասանվի մարդկանց հավատը մեր սուրբ նահատակների և հայրենիքի նվիրյալների հանդեպ: Պիտի ընդունենք նաև , որ այս «հերոսներին» մենք չենք ստեղծել, նրանք ապրում են մեր շրջապատում մեզնից անկախ ու ինքնուրույն կյանքով: Ինչպես Նար-Դոսն էր գրում «Սպանված աղավնին» վիպակում իր կերտած հերոսի մասին`«Նա ինձ այլևս չի ենթարկվում, ցինիկի պես անպատկառ է, լրբի պես համարձակ»:
Հ.Գ. Թվում է ամեն ինչ ասված է այս հոդվածով, սակայն գլխավոր եզրակացությունը կարծես չի արվել: Այդ ինչպես եղավ, որ կիսագրագետ այս անձնավորությունը նման փառքի և ընդունելության արժանացավ: Մի փոքրիկ էքսպերիմենտ կատարեմ: Եթե այս հոդվածի վերջում գրեմ, որ հեղինակը Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է, հոգեբանական գիտությունների թեկնածու է և «Նյու-Յորք թայմս» թերթի թղթակիցն է , անկախ այն բանից, թե դա ճիշտ է, թե սուտ, Ձեր ընկալումները որոշակի չափով կփոխվեն: Բայց եթե ավելացնեմ նաև. որ այս հոդվածը լույս ընծայելու համար հեղինակը ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դաբրոն, պատկերը լիովին կփոխվի, ակամայից սկսում եք մտածել, որ երևի նախորդ երեքը ճիշտ են, որ հեղինակը ստացել է նախագահի դաբրոն: Իրականում այս տեղեկությունների բաղկացուցիչ մասերի միասնությունն ստեղծում է հոգեբանական ներգործության մի իրավիճակ, երբ բավական է որևէ մեկը հավատա այդ ստերից մեկին, մյուսներն ակամայից կընդօրինակեն: Գիտական հոգեբանության մեջ դա կոչվում է հոգեբանական ընդօրինակման / իմիտացիայի/ վարակ: Այդ վարակը թափանցել էր ամենահեղինակավոր լրատավիջոցներ` «Առավոտ», «Հետք», «Զրուցակից», «Ա1+», lragir.am, PanARMENIAN.Net , 1.am, «Ժամանակ», , 7or.am, «Իրավունք tefacto», «Հրապարակ», maxinfo.am, aysor.am և այլն: Հասարակությունը լրագրողների նկատմամբ մշակած ունի առանձնահատուկ վերաբերմունք: Նրանց նկատմամբ հասարակության պահանջը եղել և մնում է`«Ավելի լավ է լրագրողները նմանվեն ագռավի, քան թութակի»:Թերթերից վարակը տարածվել էր նաև ընթերցողներիս շրջանում: Բոլորս էլ բուժման կարիք ունենք: Նախագահականի և նախարարի աշխատակազմերի լռությունը, որը սովորաբար մեկնաբանվում է համաձայնության նշան, ժողովրդական լեզվով ասած, ակամայից ջուր է լցրել ստի տարածման ջրաղացին: Ինֆորմացիոն աղմուկի և անկառավարելի ինտերնետի պայմաններում սուտ տեղեկությունը տարածվում է լույսի արագությունից ավելի արագ , և սթափ միտքն ու հոգեկան հավասարակշռություն պահպանելը դառնում է մեր ժամանակների գլխավոր հարցը: Այս ամենը տեղի չէր ունենաև և հայ հանրությանը մեկ տարվա մեջ երկրորդ ավանտյուրիստը չէր մատուցվի, եթե ժամանակին լրագրողները նրան երկու կամ երեք հարց տային` 1.Որպես կինոարտադրողի ինչ ֆիլմ/եր/ է արտադրել , 2.Որպես ազատամարտիկի որտեղ է կռվել:Նույնիսկ հրամանատարի անունն էլ պետք չէր հարցնել: Այս հարցերը կարելի էր տալ անգամ սկսնակ լրագրողի մակարդակով: Երրորդ հարցը կարելի է ուղղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տարվա քաղաքացի» շնորհող ՇՊԱԿ կազմակերպությանը`«Միթե Հայաստանին 2011թ. համար այսպիսի ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱՑԻ էր հարկավոր»:
Մնացական Հարությունյան
«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն, գլխավոր խմբագիր
Նկարում` «ԱՇԽԱՀԱՀՌՉԱԿԸ» հագուրդ է տալիս ինքնամեծարման մոլուցքին : «Աշխարհահռչակի» թակարդում հայտնվել է նաև Հ1 հեռուստաընկերությունը: Նա վերջերս իր փառքի գագաթնակետում երևաց «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի մի դրվագում: Թղթին նայելով արտաբերեց ընդամենը երկու նախադասություն: Փողոցից բերված պատահական մարդն ավելի հաջող հանդես կգար: Բայց տեսեք որ ինտերնետն ողողված է նրա մասին հավանաբար իր իսկ կողմից սարքված գովասանքներով, որ իբր այդ սերիալում նա ամենահաջողված դերակատարն է և շատ նման է Դ. Մեդվեդևին: Ինչ-ինչ, այդպիսի բաներ նրա մոտ շատ լավ է ստացվում:
Հոդվածում առկա մեջբերումների ճշտությունը ստուգելու համար մտեք ինտերնետ, գրեք` Աթասյան Գագիկ, Ձեր առջև կբացվեն այս մարդուն առնչվող շատ տեղեկություններ:Նա իսկապես արդեն ,, աշխարհահռչակ,, է դարձել: Հավատալն ու չհավատալը Ձեր գործն է: