Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանները վիճարկում են Պրեսկոտի պնդումը

Հունվար 18,2012 17:52

Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ ասել էր հետեւյալը. «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երևույթ է»:

Պրեսկոտի՝ իրավիճակի բարելավման գնահատականների վերաբերյալ Aravot.am-ը ներկայացնում է մի քանի իրավապաշտպանների տեսակետները:

Վարդան Հարությունյան. «Զարմացած եմ Պրեսկոտի ուրախության վրա» 

Ջոն Պրեսկոտն իր պարտականությունների մեջ թերացել է: Նա միշտ էլ այս տարիների ընթացքում հանդես է եկել ընտրությունները կեղծած իշխանությունների շահերից եւ հիմա էլ շարունակում է հավատարիմ մնալ իր գործողություններին, պրակտիկային, շարունակում է հանդես գալ նրանց պաշտպանությամբ: Ինչ վերաբերում է Պրեսկոտի արձանագրածին, թե Հայաստանում մթնոլորտը փոփոխվել է, ասեմ, որ ոչ մի մթնոլորտ էլ չի փոփոխվել, նույն կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժերն են, նույն մարտի 1-ի գործն է, որ չի բացահայտվել, նույն զոհերի ծնողներն են, որոնք դժգոհ են նախաքննության արդյունքներից, նույն ընդդիմությունն է, որ շարունակում է բողոքել կեղծված ընտրություններից, ոչինչ չի փոխվել եւ ուրախանալու ոչինչ չկա: Ես զարմացած եմ Պրեսկոտի ուրախության վրա:

Միքայել Դանիելյան. «Չեմ ուզում ասել ծախված…բայց»

Ես վստահ եմ, որ 4 տարվա մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Հրայր Թովմասյանը երեւի Հայաստանո՞ւմ չի ապրում եւ երեւի անտեղյա՞կ է, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց ցավալի է, որ այդ մարդը զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը:

Արդեն չեմ հիշում առաջի՞ն, թե երկրորդ անգամ Պրեսկոտի հետ հանդիպմանն ինձ չեն հրավիրում, երեւի ինչ-որ որոշում է կայացվել, որ ինձ չհրավիրեն պրեսկոտների հետ հանդիպմանը: Ասեմ նաեւ, որ վերջին անգամ հարավկովկասյան  իրավապաշտպանների ցանցի կազմում՝ ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ բանաձեւի ընդունման ժամանակ, Պրեսկոտը հրաժարվեց Ստրասբուրգում մեզ հետ հանդիպել: Միանգամայն կարող եմ ասել, որ Պրեսկոտն ինչ-որ կերպ, չեմ ուզում ծախված ասել, բայց ինչ-որ հետաքրքրություն էր ցուցաբերում այդ բանն ընդունելու համար, որը շատ հարմար էր մեր իշխանությունների համար: Իսկ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:

Ավետիք Իշխանյան. «Պրեսկոտի փոխարեն շատ ավելի զգույշ կլինեի»

Հայաստանում 90-ական թվականներից մի ավանդույթ կա, որ ընտրությունների միջեւ ընկած հատվածը համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան է, բայց չի նշանակում, որ այդ ժամանակաշրջանում մարդու իրավունքերը չեն խախտվում, որ ժողովրդավարություն է, ո’չ: Մարդու իրավունքները խախտվում են, իհարկե, զանգվածային բնույթ չեն կրում հասարակության համար, համեմատաբար խաղաղ իրավիճակ է: Հայաստանում ամեն անգամ քաղաքական, քաղաքացիական ավերածություններ են լինում համապետական՝ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ եւ հատկապես հետընտրական շրջանում: Ամենածանրը Հայաստանը տանում է հետընտրական շրջանը, որովհետեւ այդ շրջանում ունենում ենք զանգվածային մարդու իրավունքների խախտումներ, ձերբակալություններ, քաղաքական բանտարկյալներ եւ կախված իրավիճակից՝ այդ հետընտրական շրջանը կարող է տեւել տարբեր ժամանակաշրջաններ: 1996 թվականից հետո հետընտրական ծանր շրջանը տեւեց մոտավորապես 2 տարի, 2003 թվականինը տեւեց մեկ տարի: 2008-ինը՝ 3 տարի՝ մինչեւ 2011 թվականի հունիս: Եթե համեմատության մեջ դնենք, իհարկե, այս տարին ավելի խաղաղ եւ ավելի հանգսիտ տարի էր, քան նախորդ տարիները: Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել:

Ես Պրեսկոտի փոխարեն շատ ավելի զգույշ կլինեի, ձեռնպահ կմնայի միանգամից գնահատական տալուց: Կասեի, որ այժմ իրավիճակն ավելի խաղաղ է, քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել, խաղաղ հավաքները հիմնականում չեն խոչընդոտվում, բայց այս ամեն ինչը դեռեւս ոչինչ չի նշանակում, որովհետեւ առաջիկայում սպասվում է Հայաստանի քննությունը՝ սպասվելիք երկու՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Արդյոք այդ ընտրությունները չե՞ն կրկնի նախորդ ընտրությունների դառը փորձը, եւ մենք չե՞նք ունենա ծանր հետընտրական շրջան: Այդ ժամանակ կարելի է գնահատական տալ, թե Հայաստանում իրավիճակը փոխվե՞լ է, թե՞ ոչ:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031