Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ճանաչված արվեստագետներ Ռուբեն Հախվերդյանն ու Սերգեյ Դանիելյանը: «Երկու կիսախելագարի կանչել ես, մտածում ես նորմալ բան ա ստացվելու»,-ներս մտնելուն պես ասաց Ռուբեն Հախվերդյանը ու ցուցադրաբար օծանելիք ցողեց վրան:
Հարցին՝ ներկա քաղաքական ակտիվության համատեքստում ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա արվեստագետը, երգիչ-երգահանը պատասխանեց.
«Դրա համար մի հատ սոցիոլոգ պիտի բերվի ստեղ, որ իմանանք՝ ինչքան մարդ է ստեղից հոգին ազատել-գնացել, ինչքան դիակներ են բերվում Ռուսաստանից եւ ինչ պատճառներով, բնականաբար քսենոֆոբիա է, էկոլոգ պետք է հրավիրել, որի պատճառով մարդիկ նույնպես լքում են երկիրը… օրինակ Թեղուտի պատմությունը…Նման մարդիկ են պետք, որ ընդհանուր պատկերացում կազմենք, թե ի՞նչ է կատարվում էս երկրում: Հայաստանը ոնց որ ռուսների պոլիգոնը լինի` իրենց զենքերը տնկել են ստեղ եւ մեզ շատ սիրում են ու սիրելուց հետո գիտեք՝ ինչ են անում մարդիկ, տվյալ դեպքում մեր ոխերիմ բարեկամները»:
Խոսելով համատարած դեգրադացման ու բոլոր ոլորտներում նշաձողի անկման մասին, Հախվերդյանն անդրադարձավ մշակութային քաղաքականությանը, պետական պարգեւներին եւ անհաջող արձաններին: «Առավոտի» հարցին՝ ո՞ւմ կուզենար տեսնել մշակույթի նախարարի պաշտոնում, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց՝ ինձ: Իսկ առաջին քայլը ո՞րը կլիներ: «Կհավաքեի էդ սաղ մեդալներն ու կոչումները ու….»,-պատասխանեց արվեստագետը: «Աբսուրդ բաներ են կատարվում, կոչումներ են տալիս, մեդալներ, օրինակ՝ «Մեսրոպ Մաշտոց»՝ Ալլա Պուգաչովային, այն դեպքում, երբ Մեսրոպ Մաշտոցը մեր սրբերի կարգում է դասվել, իսկ Ալլա Պուգաչովան ոչ միայն նողկալի երգչուհի է, պոպսայի հիմնադիրը, այլեւ բարոյապես կայուն երեւույթ չէ… Մեսրոպ Մաշտոցը, շատ ներողություն, չարժի, որ կախվի նրա կրծքավանդակից, որովհետեւ եթե Մաշտոցը նրան տեսներ, բոլորովին ցանկություն չէր ունենա նրա հետ մերձենալու…Մի ուրիշ բան էլ հիշեցի՝ Վիլյամ Սարոյանի արձանը, որը նույնպես նողկալի բան ա…ոնց որ ինքն իր գերեզմանին եկած լինի…Չնայած գերեզմանը Ֆրեզնոյում է, սիրտն ա ստեղ…Ես էլ կուզենայի իմ օրգաններից մեկը հայրենիքում թողնել…Մեկը, երբ լսեց էդ մասին, ասաց՝ ինչ անամոթ մարդ եք, ասացի, բայց դուք ի՞նչ նկատի ունեք, շատ մտասեւեռուն տիկին էր… Ու դա (Սարոյանին արձանը-Գ.Հ.) նենց ախմախ տեղ են դրել՝ Քոչարի նման հանճարեղ արվեստագետի դռան դիմաց…Քոչարը նույնիսկ Սարյանից էլ մեծ երեւույթ է… »:
Կարդացեք նաև
Ռուբեն Հախվերդյանը կոչ արեց չընտրել 3 նախագահներից որեւէ մեկին ու նշեց, որ փոփոխություն է ակնկալում: Նրա ձեւակերպմամբ, հեղափոխություն է պետք, եւ նոր, թարմ ուղեղով գործիչ:
Ինչ վերաբերում է ժամանակին դաշնակցական Վահան Հովհաննիսյանի կողքին կանգնած լինելուն. «Վահանը իր ինտելեկտով ավելի բարձր ա, քան երեք նախագահները իրար հետ վերցրած…Եթե երբեւէ կուսակցական դառնամ՝ կանաչ եմ լինելու, բնապահպանություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ