Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը 8 մլն ունի, բայց քսակով չի մրցի (Տեսանյութ)

Հունվար 18,2012 15:52

«Կուսակցություններից 8 մլն գրավ ուզելը խայտառակություն է: Եթե կուսակցություններ կան, որոնք ցանկություն ունեն այդ 8 մլն-ը ուղղակի ներդնել բյուջե` դա իրենց խնդիրն է, բայց որեւէ ժողովրդավարական սկզբունքին դա չի համապատասխանում: Մենք պատրաստ ենք գաղափարական մրցակցության, ծրագրերի մրցակցության, այլ ոչ թե փողի»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքերով` «Այն մարդիկ, որոնք փորձում են ասել` բա էլ ի՞նչ կուսակցություն, որ 8 մլն էլ չի կարող ներդնել, ես ուզում եմ իրենց հարց տամ` նրանք պատրաստվում են մեզ հետ իրենց քսակներո՞վ մրցել, թե ով ինչքան շատ գումար ունի, թե՞ վախենում են, որ իրենք իսկապես գաղափարական պայքարում պարտվելու են: Ուզում եմ խորհուրդ տամ հատկապես ՀՀԿ-ի պատգամավորներին` թող այդպես իրենց վերամբարձ չպահեն»:

ՀԴԿ-ն այսօր մի շարք արտախորհրդարանական կուսակցությունների հետ հանդես եկավ առաջարկությամբ, որ Ընտրական օրենսգրքում ընտրությունների գնացող կուսակցություններին գրանցելու համար աշխատավարձի 8000-ապատիկի փոխարեն ամրագրեն 80-ապատիկը. «Մենք այդ 8 մլն-ը կօգտագործենք մեր ընտրապայքարի համար, դա է ճիշտը: Իսկ հիմա մենք այլասերում ենք ժողովրդին` ասելով, որ ովքեր չեն կարողանում մեծ գումարներ ներդնել` չեն էլ կարող ձեզ կառավարել: Ժողովուրդը համոզվում է, որ այսօր ամենագլխավոր արժեքը Հայաստանում փողն է»:

Aravot.am-ը փորձեց ճշտել` դուք ունե՞ք այդ գումարը, բայց սկզբունքից ելնելով չեք ուզում տալ, թե՞ չունեք` Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եթե անգամ ունենայինք էլ այդ գումարը, սխալ է այդ մոտեցումը` գրավ դնելը: Ես չեմ գնա ընտրություններին ինչ-որ մի տեղից վարկ վերցնեմ, որ գրավ դնեմ, սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ»:

«Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը նշեց, որ առանց այդ էլ եթերաժամը շատ թանկ է, 1 րոպեն արժե 60-80 հազար դրամ. «Ուրեմն մի մուտքը եթերաժամ 8000–ի սահմաններում է: Կուսակցությունները որտեղի՞ց պետք է այս աղքատ ժողովրդից այդ գումարները հավաքեն, կա’մ պետք է լինեն ձեռներեցներ, որը սկզբունքորեն սխալ է, իշխանությունն էլ է դրա մասին ասում, ուրեմն որտեղի՞ց այդ գումարները»:

Առաջարկվում է նաեւ անցողիկ շեմ սահմանել 1 մանդատին համարժեք ձայների քանակը, ոչ թե 5 կամ 7%: Կ. Թումանյանը բացատրեց, որ եթե, օրինակ, իրենք հավաքել են 45 հազար ձայն, ապա կունենանք 2 մանդատ, որովհետեւ 1 մանդատը համարժեք է 20 հազար ձայնի. «ԱԺ մանդատներ չստացած կուսակցությունները 2007-ին 25% ձայն են հավաքել, իսկ այդ ձայները բաշխվել են մյուս կուսակցությունների միջեւ, որոնց, փաստորեն նվեր են տվել»:

Այս փոփոխությունները կատարելու համար ՀԴԿ-ն դիմելու է բոլոր խմբակցություններին՝ կոալիցիային, ՀՅԴ-ին ու Ժառանգությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031