Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի ծոռնուհուն առաջարկվել է վաճառել բանաստեղծի տան իր մասը

Հունվար 18,2012 15:41

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ, ընդունել է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին` Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան վաճառքի հարցով:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Լեւոն Անանյանը եւ բանաստեղծի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, ներկայացնելով տան վաճառքի նախապատմությունը եւ ձեռնարկվող գործողությունները:

Լեւոն Անանյանի տեղեկացմամբ` քննարկման արդյունքում որոշում է ընդունվել պատվիրակություն ուղարկել Վրաստան` Թբիլիսիից ստացվող ապատեղեկատվությունը հստակեցնելու եւ վաճառքի վերաբերյալ բանակցություններ վարելու համար.:

«ՀՀ Կառավարությունը եւ վարչապետը շահագրգիռ են հարցին խոհեմ լուծում տալու վերաբերյալ»,-հայտնեց ՀԳՄ նախագահը եւ հավելեց, որ դեռեւս 2007թ-ին Գրողների Միությունը դիմել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` թումանյանական տան մի մասը կազմող եւ վաճառքի հանված գրադարանը ձեռք բերելու խնդրանքով: Վարչապետը խոստացել էր խնդրին լուծում տալ, սակայն վերջինիս անակնկալ մահը հարցը մտցրել էր փակուղի:

Ինչպես տեղեկացրեց Հ. Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, Թումանյանները Թբիլիսիի Դավիթաշվիլի 18 հասցեում գտնվող բնակարանից, 1952թ-ին, բանաստեղծի իրերը տեղափոխել են Երեւան` թանգարանում տեղավորելու նպատակով: Բնակարանը կազմված է եղել 6 սենյակից եւ մեկ խցիկից: Բանաստեղծի ծոռնուհին` Ալյոնա Կոլեսնիկովան վերջինն էր, որը 1952-ին տեղափոխվել է Երեւան: Հետագայում վրացական կառավարությունը դիմել է երկրի օլիգարխներին` պարտքով գումար վերցնելու նպատակով, սակայն, չկարողանալով վերադարձնել գումարները, հարուստներին է տվել 16 գրադարան, այդ թվում` Թումանյանի գրադարանը, որի զբաղեցրած 4 սենյակները բաժին են ընկել Լիժավա անունով վրացի օլիգարխին: Ըստ տիկին Սաֆրազբեկյանի, վերջինս ազնիվ վրացի է. «Երբ նա իմացավ, որ դա Թումանյանի բնակարանն է, իրեն «անհարմար» զգաց եւ նույնիսկ չմտավ այնտեղ»: Այժմ օլիգարխի տղան վաճառում է իրենց «բաժնեմասը», քանի որ Լիժավային վիրահատության համար գումար է հարկավոր:

Բանաստեղծի թոռնուհին հավելեց, որ օրեր առաջ Թումանյանի տան մյուս մասի սեփականատիրոջը` ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային «Ջորջիա Տուրան» ընկերության աշխատակիցն առաջարկել է վաճառել բնակարանը, սակայն վերջինս հրաժարվել է` ասելով, որ վաճառքը կիրականանա այն դեպքում, երբ Լիժավան տան իր մասը կվաճառի հայերին` հայ մշակույթի կենտրոն ստեղծելու նպատակով:

«Լավ կլիներ, որ ամբողջ տունը գնեինք, բայց դա շատ թանկ կարժենա: Պետք է գնել գոնե այն մասը, որտեղ Թումանյանն էր ապրում»,-ասաց Սաֆրազբեկյանը եւ հավելեց, որ ժամանակին նամակով դիմել է տարբեր նախարարների եւ երկրի նախագահին, սակայն պատասխան չի ստացել:

Իսկ Լեւոն Անանյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կմեկնի վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031