Լրահոս
Օրվա լրահոսը

2012-ի ուրիշ գարունը,կամ՝ինչո՞ւ է կազմաքանդվում ՀԱԿ-ը

Հունվար 18,2012 15:42

Անձամբ ինձ համար գարունը սկսվում  է   դեկտեմբերի 22-ից հետո, երբ  գիշերահավասարից հետո օրերը սկսում  են  ակնթարթներով երկարել:
Իսկ քաղաքական գործիչների  եւ քաղաքական   ուժերի համար գարունը կսկսվի 2012-ի մայիսի  խորհրդարանական ընտրություններից հետո, եւ դա հաղթածների համար կլինի իրական գարնանային  տրամադրության սկիզբ, իսկ պարտվածների համար՝  իսկական գարնանային  տառապանքների:  Այսօր, երբ երեքուկես ամիս է մնացել մինչեւ հերթական խորհրդարանական ընտրություններ, այլ բան չի մնում, քան մտածել, որ  արտախորհրդարանական ընդդիմության  մի հատվածը  շատ տխուր ցուցանիշներով  է  գնում ընտրությունների:   Կարծում եմ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրվել է շատ ավելի հանդարտ եւ սահուն, քան դա եղավ 2008-ի նախագահականի ժամանակ: Հիշում  եք  այն ակտիվությունը, այն   սպասումները,որոնցով   մարդկանց մի մասը ընդունեց առաջին նախագահի  հրապարակային դառնալը, տեղի ունեցավ մի տեսակ համախմբում եւ  թեթեւ հույս արթանացավ, որ գուցե եւ տեղի  կունենան  լայնամասշտաբ փոփոխություններ: Մանրամասների մեջ չեմ մտնելու, դրանք   շատ չեն, բայց տարբեր կերպ են մեկնաբանելի, ուստի թողնենք անցյալում եւ տեսենք, թե ինչ ունենք այսօր: Այսօր, արդեն 2012-ի ընտրություններից առաջ  ՀԱԿ -ում  ոչ թե համախմբման,  այլ՝ կազմաքանդման   գործընթացներ են ծավալում: Այլեւս չկա նախկին էնտուզիազմը եւ չի էլ կարող լինել: Եթե 2008-ին բոլորը հավաքվել էին իրար կողքի եւ ձգտում  էին մեկի՝ առաջին նախագահի  հաղթանակին, այսօր, իրավիճակը բոլորովին այլ է: Այսօր ՀԱԿ -ի ներսում գտնվող մեկ տասնյակից ավելի  ուժերի առաջին դեմքերի միջեւ   տարաձայնություններ կան, յուրաքանչյուրը սայլը փորձում է   իր կողմը քաշել եւ  ՀԱԿ-ի  վերմակը հատկապես իր ոտքերին գցել: Վերմակը, /այս դեպքում ՀԱԿ համամասնական ցուցակը/ մեկն  է եւ  ոչ առաձգական, իսկ  ոտքերը շատ-շատ են: Մարդիկ կռիվ են տվել,  ՙնստել-հելել՚  են,   զրկվել են հազար ու մի բաներից, առավոտից-իրիկուն   նստացույցերի եւ հանրավաքների են մասնակցել, անդադրում գոռացել են.<Լեւոն, նախագահ՚> <Պայքար, պայքար մինչեւ վերջ՚>եւ հիմա, երբ եկել է   պտուղներից իրենց  բաժինը ստանալու պահը, դառնացած են, հասկացել են, որ իրենց  մեղմ  ասած խաբել են, ինչպես օրերս խոստովանեց  Սուրեն   Սիրունյանը,անկեղծորեն ասելով, որ  չի ուզում շարունակել ճանապարհը ՀԱԿ-ի հետ: Եվ իզուր  կլինեն փորձերը այս ամենի մեջ ինչ-որ մեկի ականջները կամ պոչերը փնտրել,  ամեն ինչի պատճառները պետք է փնտրել հենց ՀԱԿ-ի ներսում, քանի որ անկասկած, առաջիկայում այսպես կվարվեն նաեւ  ուրիշները: Բոլոր  քաղբանտարկյալները  իհարկե, պահանջելու են իրենց նստելու գինը, այն է՝  պատգամավորական մանդատ: Իսկ մանդատը ՙնստածներից՚  գրեթե ոչ մեկին չի հասնելու, մանդատը  կտրվի ասենք՝ Լեւոն Զուրաբյանին,ով չի նստել,  Դավիթ Շահնազարյանին,ով նույնպես չի նստել, էլի ուրիշներին, եւ կռիվը ՀԱԿ-ի ներսում գնալով կթեժանա: Այսպես պառակտված ընտրությունների գնալը ոչ մի լավ բան  չի խոստանում: Չի բացառվում, որ կռիվը թեժ կլինի նաեւ ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Ժամանակին, ՀԱԿ-ը ՀԱԿ դարձավ առաջին հերթին նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնեցին  Ատեփան Դեմիրճյանը իր ՀԺԿ-ով եւ Արամ Սարգսյանը իր ՙՀանրապետություն՚-ով, այսօր,մեր տեղեկություններով,  անգամ այս երկու գործիչների  համար  պարզ չէ, իրենք լինելո՞ւ են ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում, թե ոչ: Դե, եթե հարթակում  կանգնածների համար  է իրենց ապագան մշուշոտ, ուրեմն, ի՞նչ է ասվելու հարթակից ներքեւ կանգնածներին:
Մինչդեռ, ինչ լա՛վ էր սկսվել՝  ընդդիմությունը ուժեղ էր, իշխանությունը զգում  էր նրան շունչը եւ թվում   էր անգամ եվրոպական չափանիշներով   է ամեն ինչ օքեյ: Այս ամենը կազդի միայն մեկ բանի վրա՝ ՀԱԿ-ին մարդիկ չեն տա այն ձայները, որոնք  կտային, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ, եթե  վերամբարձ հռետորաբանությունը այսպես չգար եւ դեմ չառներ կոնկրետ շահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031