Կամ հայալեզու արտասահմանյան գրականության աղավաղում
Որքան էլ բազմաթիվ on-line-գրադարաններն առաջարկեն իրենց ծառայությունները, այնուամենայնիվ, off-line գրադարաններից օգտվողները շարունակում են գրքի իրենց փնտրտուքները` այս ճանապարհին հանդիպելով հիմնական խոչընդոտին` արտասահմանյան գրականության չթարգմանված լինելուն:
Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը տեսնում է խնդրի առաջացման երկու հիմնական պատճառ` երիտասարդ թարգմանիչների պակասը, իսկ որ առավել մտահոգիչ է` բավարար ֆինանսական միջոցների բացակայությունը.
«Ամեն դեպքում թարգմանիչներ կգտնվեն, իսկ ֆինանսներ` դժվար է հուսալ…», – նշում է ՀԳՄ քարտուղարը:
Նրա հավաստմամբ` ֆինանսական խնդիրներից խուսափելու համար Հայաստանն անցկացնում է թարգմանական փոխադարձ աշխատանքներ Պարսկաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների հետ: Շուրջ երկու տարի առաջ պարսկահայ անհատ թարգմանիչ Ազատ Մայթյանը հայերեն է թարգմանել պարսկական ժամանակակից պոեզիայի մի շարք գործեր, իսկ Վահե Հայկը` հայկական պոեզիայի մի զգալի մաս թարգմանել է պարսկերեն` պետական պատվերով: Այս հարցում, Հ.Գրիգորյանի հավաստմամբ, մեծ դեր ունեն Հայաստանում տվյալ երկրների դեսպանատները, քանի որ հենց նրանք են ֆինանսավորում թարգմանությունների համար:
Այսօր գործունեություն են ծավալում նաև բազմաթիվ անհատ թարգմանիչներ, սակայն, ի տարբերություն պետական պատվերով, կամ հովանավորների միջոցով կատարվող թարգմանությունների, նրանց գործերը տարածվում են ավելի նեղ շրջանակներում: Անցյալ տարի, օրինակ, գրող, ՀԳՄ «Արտասահմանյան գրական հանդեսի» գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանն անգլերենից հայերեն է թարգմանել Ջեյմս Ջոյսի «Ուլիս»-ը և, որպես անհատ թարգմանիչ, գրքի տպագրության համար գործ է դրել սեփական միջոցները. ահա թե ինչու այսօր բազմաթիվ off-line գրադարաններից օգտվողները դժգոհում են, որ իրենց գրքի նմուշները չեն հասել:
Երևանի մի շարք գրադարաններում (Ազգային, Ավ. Իսահակյանի, Խնկո-Ապոր) մեր կատարած հարցումների արդյունքում պարզեցինք, որ հայերեն չթարգմանված ամենաշատ պահանջարկ վայելող գրքերն են Ժան Բատիստ Մոլիերի «Տարտյուֆը», Կոլլին Մակկալոուի «Поющие в терновнике» և Անատոլի Ռիբակովի «Дети Арбата»-ն:
Մտահոգիչ է նաև մասնագիտական գրականության չթարգմանված լինելու հանգամանքը.
«Բոլոր մասնագիտական գրքերը մեծ մասամբ կա՛մ ռուսերեն են, կա՛մ անգլերեն: Մեզ համար դժվար է կրկնակի աշխատանք կատարել. թարգմանել, ապա` յուրացնել նյութը»,- նշում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Սեդա Հերգնյանը:
Նույն ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը բացատրում է, որ մասնագիտական գրականության թարգմանության համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական միջոցներ, ինչը հնարավոր է ապահովել հովանավորների կամ դրամաշնորհային ծրագրերի միջոցով: 2000 թ.-ին այս վերջին միջոցով հրատարակվել է «Հեռուստաժուռնալիստիկա» դասագիրքը, որը ռուսերենից հայերեն է թարգմանել ֆակուլտետի դեկանը:
Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է արտասահմանյան գրականության հայերենի ոչ իմաստային թարգմանությունը:
«Խորհրդային տարիներից սկսվել և այժմ էլ արվում են ոչ պրոֆեսիոնալ թարգմանություններ, ինչի հետևանքով տվյալ ստեղծագործությունները կորցնում են իրենց գեղարվեստական արժեքը: Չստացված են արտասահմանյան պոեզիայի թարգմանությունները»,- փաստում է ՀԳՄ քարտուղարը:
Այս դեպքում, նրա հավաստմամբ, գործում է միջնորդավորված թարգմանությունը. միջնորդ լեզուն հիմնականում ռուսերենն է:
«Կարդում եմ Սերվանտեսի «Դոն Կիխոտը» և ապշում. իսպաներենով այս վեպը բավականին զվարճալի է. հստակ երևում է հեղինակի իրոնիան, իսկ հայերեն թարգմանության հետևանքով կորել են հեղինակի սուր հումորները, ստացվել է հակառակ պատկերը. Դոն Կիխոտը վերածվել է իսկական ասպետի»,- նշում է Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սյուզի Սարուխանյանը:
Որակյալ թարգմանություններ ունենալու համար, ըստ Հ. Գրիգորյանի, հովանավորներն ու դրամաշնորհային ծրագրերը միայն բավական չեն. անհրաժեշտ է պետության աջակցությունը, վերջինիս համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ, ինչի արդյունքում հնարավոր կլինի հասնել հաջողության:
Աննա Բաբաջանյան