Շիրակի, Լոռու, Տավուշի ու Կոտայքի մարզերում այս տարի նվազագույնը 80 նախակրթարան է բացվելու եւ մոտ 8000 մանկավարժ վերապատրաստվելու է. կրթության ոլորտում այս տարվա առաջնահերթ անելիքներից այսօրվա ասուլիսում սա առանձնացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Վերապատրաստում անցած մանկավարժների աշխատավարձերում նախատեսվում են հավելումներ, իսկ կրթաթոշակներում `ոչ: Փոխարենը նախարարությունը կխրախուսի լավագույն ուսանողներին:
Ինչ վերաբերում է ընդունելության քննություններին, նախարարը տեղեկացրեց, որ դրանց մեկնարկի փոփոխություն չի լինի, բայց կավարտվեն
ավելի շուտ: «Որ չխոչընդոտենք զինկոմիսարիատներին աշխատել բուհ չընդունված տղաների հետ»,- բացատրեց պարոն Աշոտյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, այս տարի կմշակվի ու հաջորդ տարվանից կգործի նաեւ բուհերի ու դպրոցների վարկանիշային համակարգը: Նախարարի համոզմամբ, համակարգի ներդրումը ուսումնական հաստատություններում կրթության որակը չափելու համար լավ գործիք է, ու հասարակության շրջանում էլ մեծ պահանջարկ ունի:
Պարոն Աշոտյանն ասաց նաեւ, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, բարդացվելու է գիտական աստիճանաշնորհման գործընթացը: Ասպիրանտուրա ընդունվելը լինելու է շատ դժվար. «Դեռ անցած տարվանից էր խստացվել շեմը, նախորդ տարի տեղացիների շրջանում 50-ով պակասել էր պաշտպանությունների թիվը ու եթե անցած տարի թղթային քննությունն էր անցնում, այս տարի անցնելու է միայն օնլայն քննությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ