Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Մոսկվան թույլ է տալիս, Հայաստանն ո՞վ է, որ արգելի

Հունվար 18,2012 13:50


ՀՀ օրենսդրությունը սահմանում է՝ արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը. անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը, այն գովազդը, որը պարունակում է տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին եւ այլն: Հայաստանցիների դյուրահավատությունից ու անփորձությունից հաճախ օգտվում են արտասահմանցիները՝ մեր երկրում սոցիալական ցանցերի միջոցով տարածելով հակաօրինական գովազդներ:

Այսօր սոցիալական ցանցերի թողած վատ ազդեցությունը մարդկանց կյանքի ու առողջության համար դարձել է գերխնդիր. հատկանշական է, որ դրանցից տուժածները հաճախ անչափահասներ են: Քիչ չեն այն դեպքերը, երբ, օրինակ, Odnoklassniki.ru-ն անչափահասների միջեւ ծագած կռվի ու սպանության պատճառ է դարձել, ընտանիքներ են քայքայվել, համընդհանուր քննարկման առարկա դարձել ուրիշի «անկեղծ» լուսանկարները:

Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելը, կավատությունը, մարմնավաճառությամբ զբաղվելը եւս, ըստ օրենքի, պատժելի արարք է: Բայց այս եւ այլ օրենքներ սոցիալական ցանցերը հեշտությամբ շրջանցում են: Օրինակ՝ Odnoklassniki-ն ոչ միայն նպաստում, այլեւ «խնամախոսի» դեր է տանում այս ամենում՝ վերջերս օրվա տարբեր ժամերի գովազդելով «Charlotte» գիշերային ակումբը՝ ամենայն մանրամասնությամբ: Ակումբի սթրիփ պարուհիներ Սաշան, Ալլան, Լենան, Նաոմին եւ այլք իրենց մասնագիտական հմտություններն ու բարեմասնությունները ցուցադրում են Odnoklassniki-ի օգտատերերին, որոնցում կան նաեւ անչափահասներ:

Ըստ գիշերային ակումբների կանոնադրության, անչափահասների մուտքը «Charlotte»-ում արգելվում է, սակայն այս կանոնը հեշտությամբ խախտվում է, եթե այցելուն «պապայի» տղա է: Նույն կերպ խախտելի է նաեւ «պարուհուն ձեռք չտալու», նրա հետ «առանձնանալու», «գիշեր անցկացնելու» «դրույթը»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ազատ, առանց սահմանափակումների գովազդվում գիշերային ակումբները սոցիալական ցանցերում:

Նորմալ է, որ «Charlotte»-ը ունի իր կայքը ու բնական է, որ այնտեղ «իր» աղջիկների՝ տարբեր դիրքերով արված լուսանկարներն են տեղադրված՝ «կլիենտ» ապահովելու համար: Անհասկանալի է, որ սոցիալական ցանցը, որի նպատակը ի սկզբանե համադասարանցիներին գտնելն ու նրանց հետ կապ պահպանելն է եղել, սեքս եւ էրոտիկա է քարոզում՝ օգտագործում մարդկանց դյուրահավատությունը, առաջ բերում ոտնձգություններ հասարակական արժեքների եւ բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ. ու այս ամենն արվում է այն դեպքում, երբ «օրինապաշտ» Odnoklas

sniki-ի մոդերատորներն առանց պատճառի արգելափակում են մարդկանց ամենաանմեղ լուսանկարները՝ համարելով դրանք անպատշաճ:

Անհասկանալի է, թե ինչ օրենքներով է առաջնորդվում այս սոցիալական ցանցը գովազդներ տեղադրելու հարցում, զարմանալի է պոռնոխմբերի օրեցօր ավելացումն այս կայքում:

Անդրադառնալով Odnoklassniki-ում հայկական գովազդներ տեղադրելուն՝ նշենք, որ Հայաստանում դրանցով զբաղվում է «IT Studio» գովազդային գործակալությունը, որի փոխտնօրեն Սարգիսը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե գովազդները հիմնականում տեղադրվում են որոշ սահմանափակումներով, ինչն էլ որոշվում է Մոսկվայից. «Գովազդներն այնտեղ ենթարկվում են մոդերացիայի, այսինքն՝ Մոսկվայում են որոշում, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Օրինակ՝ պոռնո չենք կարող գովազդել»:

Գովազդի մասին օրենքով հեռուստաընկերությունները ցերեկվա ժամերին իրավունք չունեն գովազդել գիշերային ակումբներ, դա չի անդրադառնում սոցիալական ցանցերի՝ Odnoklassniki-ի վրա: Մեր այս դիտարկմանն էլ Սարգիսը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ՝ այդպիսի սահմանափակումներ չկան»: Այսինքն՝ եթե «դրսի» օրենքը թույլ է տալիս, իսկ մերը ոչ՝ դա կարող է հայտնվել սոցիալական ցանցո՞ւմ՝: «IT Studio» գովազդային գործակալության փոխտնօրենը պատասխանեց. «Այո, իհարկե: Բացի այդ, հազարավոր կայքեր կան, որոնց վերահսկելը հնարավոր չէ: Այստեղ լավ է, որ կա հնարավորություն գովազդը ցուցադրելուց առաջ ընտրել, թե ինչ տարիքայինների համար կարող է այն տեսանելի լինել»:

Մեր մյուս դիտարկմանն էլ՝ գաղտնիք չէ, որ Odnoklassniki-ում շատերն իրենց տարիքը սխալ են գրում, նույն կերպ վարվում են նաեւ անչափահասները, Սարգիսը ասաց, որ ամեն դեպքում՝ «բոլոր բաներները մոդերացիա են անցնում, ցենզուրա կա, եղել են նաեւ դեպքեր, երբ բաները մոդերացիան չի անցել»:

ԵՎԱ  ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031