Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշի սեզոնը բացվեց, հետն էլ՝ նախընտրական քարոզարշավը

Հունվար 18,2012 13:45

Խաշի սեղանի շուրջ հավաքված մարդիկ հստակ գիտեն, որ խաշն ուտում են ձեռքով, խաշի ափսեի շուրջ դասդասում են չորացած լավաշը, միսն առանձնացնում են, լավաշի մեջ փաթաթված պահում տաք վիճակում, որ վերջին «թիքան» համով ուտեն, եւ դասդասված չորացած հացը հաջորդաբար խաշի ջրում լցնելով, օղու բաժակը դատարկելով՝ վայելում են սխտորահոտ խաշի վայելքը: Սա մշակույթ է, խաշ ուտելու մշակույթ, որը ձեւավորվել է տարիներ առաջ:

Նախընտրական թեժ արշավը սկսված է, կուսակցությունները նույն դեմքերով, նույն «գաղափարախոսությամբ» եւ նույն խոստումներով հանդիպում են հանրության հետ, առանց թիրախավորելու, առանց լուրջ վերլուծությունների, առանց իրական գնահատականի: Մարդիկ էլի լսելու են, ոմանք հավատալու են, ոմանք` ոչ, ոմանք կմասնակցեն ընտրություններին, ոմանք՝ ոչ եւ կստացվի այնպես, ինչպես միշտ: Ամբողջ աշխարհում հանրային կապերի մասին գիտությունը լուրջ ուսումնասիրման եւ գործարկման միջոց է դարձել: Հայաստանում դա արվում է սիրողական մակարդակում: Փոխանակ ուսումնասիրվի թիրախ խմբի պահանջներն ու սպասելիքները (դրանք ամեն օր կարող են փոփոխվել), կուսակցությունների ղեկավարները հաշվում են ընդամենը մարդաքանակը, որ դահլիճում ինչքան մարդ լցվեց, քանիսն էր ուշադիր լսում եւ ում վրա մեծ ազդեցություն թողեց իրենց խոսքը: Հետո էլ «դահլիճը լցնողին» ասում են շնորհակալություն եւ հեռանում, թողնելով այն ակնկալիքները, որոնց սպասումով կուսակցական ակտիվը լոկալ միջավայրում սկսում է իր աշխատանքը: Մինչդեռ ուսումնասիրելով եւ վերլուծելով մարդկանց պահանջմունքներն ու ակնկալիքները, թիրախավորված խոսք ձեւավորելու, նախընտրական հանդիպումներն արդյունավետ օգտագործելու փորձերն անգամ զրոյականացված են:

Հարգարժան քաղաքական գործիչներ, քաղաքական տեխնոլոգներ, մարդիկ հոգնել են յուրաքանչյուր ընտրությունից առաջ նույն բանը լսել, նույն խաբկանքը ապրել, հոգնել են ուղեղների լվացման գործընթացից: Վերջին տարիներին Հայաստանում նաեւ մարդկանց մտածելակերպն է փոխվել, ընտրակաշառքն էլ իր դերը չունի, քանի որ ընտրողն ինքն է որոշում ումից ինչ վերցնի եւ ընտրախցիկում ում ընտրի, որովհետեւ նա իր մաշկի վրա չի զգում տվյալ կուսակցության կողմից դրական քայլերի արդյունքը:

Այնպես որ, նախընտրական շտաբներում լավ կլինի ընդգրկել կրեատիվ, խելացի եւ փորձ ունեցող մասնագետների, որոնք ոչ թե կուսակցական կլինեն, այլ իրական մասնագետներ, որոնք իրենց գործին լավ են տիրապետում եւ բնավ էլ չի հետաքրքրում՝ որ կուսակցության հետ է աշխատում, այլ պարզապես իր գործն է անում: Իսկ ընտրողներին կոչ եմ անում լինել առավել պահանջատեր, նախընտրական ծրագրերում պետք է տեղ գտնեն նաեւ մեր պահանջմունքները բավարարող կետեր ու դրույթներ։

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031