Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի բուհերն էլ պետք է «առաձգական» լինեն

Հունվար 18,2012 13:43

Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը՝ Բոլոնյան գործընթացի տեղայնացման մասին:

Անցյալ տարեվերջին Մոսկվայում ԱՊՀ երկրների (Մոսկվա, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան եւ այլն) պետական կոնսերվատորիաների ռեկտորների խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը: Մեր տեղեկություններով, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովի հետ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայի կոնսերվատորիայում հայաստանցի ուսանողներին բակալավրի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի անվճար տեղեր տրամադրելու «մասով»:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ռեկտոր Շ. Շահինյանը հաստատելով ասվածը՝ նշեց, որ վերջին շրջանում տարբեր առիթներով հանդիպել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիեւի, Մինսկի պետական կոնսերվատորիաների ռեկտորների հետ, որի արդյունքում, օրինակ՝ Մոսկվայի կոնսերվատորիայում հայաստանցի երիտասարդ դասախոսները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու սեմինարների ու այլ միջոցառումների: «Նորվեգիայի Ատբեր քաղաքի երաժշտական ակադեմիայի հետ ուսանողների փոխանակման պայմանագիր է ստորագրվել: Այս տարի 6 մագիստրոսներ 2 տարով կմեկնեն Նորվեգիա»,- հավելեց ռեկտորը:

Մեր հանրապետությունում, ելնելով Բոլոնյան համաձայնագրի պահանջներից, բարձրագույն կրթության ոլորտում անընդհատ տեղաշարժեր են արձանագրվում: Բոլոնիայի համաձայնագիրը, որքան էլ կարծրատիպեր է ստեղծել նաեւ արվեստի բուհերի համար, բայց, այնուամենայնիվ, տվել է նաեւ արտոնություններ՝ ծրագրերի ձեւավորման, ուսանողամեթոդական աշխատանքների հարցում եւ այլն: Ինչպե՞ս է այս ամենը իրականանում կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում եւ արդյոք կա՞ն նորարարական միտումներ: Շ. Շահինյանն ասաց, որ կոնսերվատորիայի դեպքում Բոլոնյան գործընթացն ավելի շատ ենթադրում է փոփոխություններ ուսումնառության կազմակերպման գործընթացում, քան ուսումնական ծրագրերում: «ԽՍՀՄ-ում բոլոր բուհերը նույն կարգավիճակում էին եւ ուսումնական ընթացքի, եւ ծրագրերի իմաստով, մինչդեռ, եթե ուզում ենք ինտեգրվել եվրոպական կրթական ընտանիք, պետք է «առաձգական» լինենք: Թեեւ մեր 90-ամյա կոնսերվատորիան տարիներ շարունակ գիտական, մանկավարժական համագործակցություն է ունեցել Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, ինչի արդյունքում մեզ մոտ են տեղայնացվել այդ բուհերի առաջավոր ուսումնական մեթոդներն ու ծրագրերը, այսուհանդերձ, մեր կոնսերվատորիան պահպանել է հայ ազգային երաժշտության լավագույն ավանդույթները, մշակել դրանց դասավանդման ու հարստացման սեփական ուղիները: Սակայն Բոլոնյան գործընթացը այսօր հնարավորություն է տալիս, օրինակ, մեկ տարի սովորել Երեւանի կոնսերվատորիայում, ապա, ցանկության դեպքում, շարունակել այն Փարիզի երաժշտանոցում կամ ավարտել ուսումը Լոնդոնի երաժշտական ակադեմիայում… Կարծում եմ, այս բարեփոխումների ծրագիրը մինչեւ 2015թ. կավարտվի, եւ թե մեր բուհը, թե մեր տված դիպլոմը ճանաչելի կլինի Եվրոպական կրթական տարածքում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031