Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ Գերմանիայի դեսպանի հայացքով

Հունվար 18,2012 13:40

Հանս-Յոխեն Շմիդթը կարծում է, որ մեր երկիրը իր հնագույն մշակույթով՝ կարող է շահեկանորեն գովազդել իրեն:

Դեսպանը՝ Յուլյա Կրամերի (աջից) եւ Նելլի Սողոմոնյանի հետ:

Գարնանը նախատեսվում է Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի Լեզվի ուսուցման կենտրոնի պաշտոնական բացումը Երեւանում: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը օրերս այցելեց կենտրոն: Վերջինիս տնօրեն Նելլի Սողոմոնյանը եւ Գյոթեի անվան ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Կրամերը դեսպանին ներկայացրեցին կատարված աշխատանքները: Տիկին Սողոմոնյանն ասաց, որ կենտրոնը տարիքային խտրականություն չի դնում, եւ ամեն ոք այստեղ կարող է բավարարել գերմաներեն լեզվի ու մշակույթի «մասով» իր նախասիրությունները: Յուլյա Կրամերն էլ հավելեց, որ նախատեսել են ամեն ամիս լինել որեւէ մարզում եւ գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ իրականացնել՝ եւս մեկ անգամ շեշտելով՝ տեղում վերապատրաստելու իրենց առաքելությունը:

Օգտվելով առիթից՝ «Առավոտը» հարցազրույց խնդրեց դեսպանից, ու պարոն Շմիդթն էլ սիրով պատասխանեց մեր թերթի հարցերին:

– Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի Հանրապետության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը:

– Կարծում եմ՝ մենք լավ հարաբերություններ ունենք, որոնք, սակայն, պետք է շարունակել զարգացնել: Հատկապես՝ տնտեսական ոլորտում: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում շարունակվի ներդրումային մթնոլորտի բարելավումը: Մենք կարող ենք մեր լավ հարաբերություններն ավելի խորացնել նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում: Լեզվի ուսուցման կենտրոնի հիմնումն այդպիսի լավ օրինակ է: Գյոթեի անվան ինստիտուտն այլեւս հաստատուն հասցե ունի Հայաստանում: Լեզվի ուսուցման կենտրոնի հարկի ներքո ոչ միայն կառաջարկվեն լեզվի դասընթացներ, այնտեղ կգործի գրադարան՝ իր ընթերցասրահով: Բացի այդ՝ Գյոթեի անվան ինստիտուտը կկազմակերպի նաեւ մշակութային միջոցառումներ, կիրականացնի ծրագրեր:

Երջանիկ բարեբախտություն է, որ Լեզվի ուսուցման կենտրոնը Հայաստանում իր գործունեությունը կմեկնարկի 2012 թվականին: Մենք ունենք Գյոթեի անվան ինստիտուտի նոր, շատ ակտիվ ներկայացուցիչ Հայաստանում, ով ցանկանում է նոր շեշտադրումներ անել մշակութային ոլորտում: Նորանշանակ է նաեւ Թբիլիսիում Գյոթեի անվան ինստիտուտի տարածաշրջանային կենտրոնի ղեկավարը, ով արդեն հասցրել է մի քանի անգամ լինել Հայաստանում: Նա առանձնահատուկ հետաքրքրասիրություն է տածում գրականության հանդեպ եւ արդեն ունի գաղափարներ, որոնք ցանկանում է Գյոթեի անվան ինստիտուտի կողմից իրականացնել 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանում: Գյոթեի անվան ինստիտուտը գերմանական մշակութային քաղաքականության սյուներից մեկն է: Մյուս սյունը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունն է (ԳԱՓԾ/DAAD), որն առավելապես աշխատում է միջբուհական համագործակցության ուղղությամբ եւ գերմանական բուհերում ուսանելու ու հետազոտական աշխատանքներ կատարելու կրթաթոշակներ է տրամադրում ուսանողներին եւ գիտնականներին:

– Պարոն դեսպան, տպավորություն կա, որ Հայաստանում ավելի շատ շեշտադրված է ոչ թե գերմաներենի, այլ անգլերենի ու ֆրանսերենի ուսուցումը…

– Գնալով ավելի ու ավելի սերտաճող մեր աշխարհում, համաշխարհայնացման միտումների պայմաններում անգլերենի գիտելիքներն անհրաժեշտ են յուրաքանչյուրին: Ամեն հաջորդ օտար լեզու, եւ հատկապես գերմաներենը՝ որպես Եվրամիությունում ամենից շատ տարածված մայրենի լեզու, մեծ առավելություն է: Ինչպես Գյոթեի անվան ինստիտուտը (Գյումրիում), այնպես էլ Արտասահմանյան դպրոցների կենտրոնը (Երեւանում եւ Սարդարապատում) Գերմանիայի Դաշնային Կառավարության միջդպրոցական համագործակցության ծրագրերի շրջանակում գերմաներենի խորացված ուսուցում են իրականացնում գործընկեր դպրոցներում, ինչպես նաեւ վերապատրաստական դասընթացներ անցկացնում ուսուցիչների համար: Այս ծրագրերը հիմնված են գործընկերային փոխգործակցության մոտեցման վրա եւ կարող են արդյունավետորեն գործել միայն մեր գործընկերների, մասնավորապես՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցության դեպքում: Ծրագրի հաջողությունը կախված է հայկական կողմի աջակցային պատրաստակամությունից:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը, որը հոգ է տանում Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ միջբուհական կապերի ամրապնդման մասին, ինչպես նաեւ կրթաթոշակներ տրամադրում Գերմանիայի բուհերում ուսանելու համար, փաստորեն շարունակում է այն, ինչ արվում է դպրոցներում՝ գերմաներենի ուսուցման ուղղությամբ: Անցյալ տարի ընդհանուր թվով 140 կրթաթոշակ է տրամադրվել տարբեր մասնագիտական ոլորտների ուսանողների եւ գիտնականների: Հայկական կողմի հետ այժմ մտածում ենք միջկառավարական համատեղ կրթաթոշակներ հիմնելու մասին: Ցավոք, «Լույս» հիմնադրամը ցայսօր կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդի: Գերմանական բուհերը բարձր մակարդակ ունեն եւ կցանկանային «Լույս» հիմնադրամի գործընկեր բուհ դառնալ: Հայկական բուհերի շրջանում քաջածանոթ են ճարտարապետության ոլորտում Գերմանիայի մեծ փորձառությանը, հատկապես՝ Մագդեբուրգի համալսարանի միջոցով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում արդյունավետ համագործակցություն է ծավալվել Երեւանի պետական եւ Ռոստոկի համալսարանների միջեւ: Գերմանական կողմի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի Մատենադարանը՝ հնագույն ձեռագրերի եւ գրքերի վերանորոգման ոլորտում: Այս համագործակցությունը պետք է շարունակել:

– Եթե ոչ թե դիվանագետի, այլ ուղղակի զբոսաշրջիկի հայացքով գնահատելու լինեք հայերին եւ Հայաստանը, ի՞նչ կարծիք կհայտնեք:

– Հայաստանում շատ գեղեցիկ զբոսաշրջային վայրեր կան՝ Հաղպատ, Օձուն, Սանահին… Հայաստանի օդանավակայանն ամենատպավորիչն է Հարավային Կովկասում: Բայց հարկ է նպատակասլաց կերպով զարգացնել նաեւ զբոսաշրջային մյուս ենթակառուցվածքները՝ զբոսաշրջային վայրերն առավել հրապուրիչ դարձնելու համար: Պետք է բարելավվեն տեսարժան վայրեր տանող ճանապարհները, նաեւ այդ վայրերի այլ կարեւոր ենթակառուցվածքներ: Մեկ վերջին դիտարկում եւս. Հայաստանն իր հնագույն եւ հարուստ մշակույթով կարող է շահեկանորեն ներկայացնել եւ գովազդել իրեն: Շատ լավ կլիներ, եթե հաջողվեր Գերմանիայում եւս կազմակերպել ցուցահանդեսներ, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայում հաջողությամբ կազմակերպված «Սրբազան Հայաստան» ցուցահանդեսն էր:

Հարցազրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031