Էկոնոմիկայի նախարարության շենքում ակտիվ շինարարություն է ընթանում. փոխվում են շենքի առաջին հարկի պատուհանները, նորոգվում են մուտքն ու շենքի այլ հատվածներ: Նախօրեին «Առավոտն» ականատես եղավ, թե ինչպես է վերանորոգման աշխատանքներին անձամբ հետեւում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը նաեւ միջամտում էր ու ցուցումներ տալիս աշխատող բանվորներին: Պարոն Դավթյանից մենք հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցների հաշվին են իրականացնում այդ աշխատանքները:
«Մենք օգտագործում ենք միջազգային կառույցների աջակցությունը, որոնք մեր գործընկերներն են: Բյուջեից գումար չենք ծախսում: Մարդիկ շատ բաներ անում են նաեւ էնտուզիազմով»: Մեր դիտարկմանը, թե նախարարության բակում աշխատող բանվորները դժվար թե էնտուզիազմով աշխատեն, պարոն Դավթյանն ասաց. «Դե, չէ: Բայց, օրինակ՝ երբ զարգացման գործակալությունը տեղափոխվեց այս շենք, դահլիճն իրենք իրենց միջոցներով վերանորոգեցին: Դահլիճի վերանորոգման շարունակությունն էլ մուտքի եւ ընդունարանի վերանորոգումն էր»: Մեր հարցին՝ ընդհանուր առմամբ ինչքա՞ն գումար է ծախսվել այս աշխատանքների համար, նա ասաց. «Ես ինքս չգիտեմ՝ ինչքան գումար է, երեւի մեծ գումարներ չեն»: Հարցին, թե նախարարն ինչո՞ւ կոնկրետ չի ասում, թե որտեղից է գումար ներգրավել շինաշխատանքների համար, պարոն Դավթյանը այսպիսի պատասխան տվեց. «Սա մասնավոր-պետական համագործակցության ձեւերից մեկն է»:
«Առավոտի» հետ զրույցում Տ. Դավթյանը վերանորոգման աշխատանքները բացատրեց նախարարության մուտքը բաց, թափանցիկ ու այցելուների եւ տնտեսությամբ զբաղվող մարդկանց համար հարմարավետ դարձնելու անհրաժեշտությամբ. «Երբ ես այստեղ նշանակվեցի, մենք որոշում կայացրեցինք, որ այստեղ կենտրոնացնենք տնտեսությամբ զբաղվող կառույցները: Այս տարածքում մենք կենտրոնացրել ենք էկոնոմիկայի նախարարությունը, այստեղ տեղափոխվեցին ներդրողների հետ աշխատող Զարգացման հայկական գործակալությունը, Փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոնը, ինչպես նաեւ Մրցունակության հիմնադրամը: Մեր հարեւաններն են «Նասդաքը» եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այսպիսով, այս շենքը դարձավ տնտեսական զարգացման համալիր՝ իր բոլոր կառույցներով, այսինքն՝ մարդիկ այս շենք մտնելով՝ ոլորտի վերաբերյալ պետք է ստանան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Նոր դահլիճ էլ ունենք: Այնտեղ ներսում մենք տեղադրել ենք ընդունարան, չկար նախկինում, եթե հիշում եք, մտնում էիր եւ միանգամից ոստիկաններն էին: Հիմա կա ընդունարան՝ իր ծառայություններով, նաեւ վերելակներն ենք փոխելու: Շենքի նկուղային հարկում արդեն կա ավտոկայանատեղի՝ 15 մեքենայի համար նախատեսված»: Նա նշեց, որ ավտոկայանատեղին հիմնականում ծառայողական մեքենաների համար է. «Այն երկու խնդիր լուծեց՝ նախարարության դիմացի հատվածն ազատեց, ինչպես նաեւ պատվիրակությունների եւ հյուրերի մեքենաների համար տարածք բացվեց: Կայանատեղին երկու մուտք ունի, մեկի վերանորոգումը՝ եղանակային պայմանների հետ կապված, հետաձգվեց, առաջիկայում կվերանորոգենք, մուտքի հատակի սվաղն էլ կանենք»:
Կարդացեք նաև
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ