«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին
«Առավոտի» երեկվա համարում ներկայացրել էինք ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույց, որում ԱԺ նախագահը կարծիք հայտնելով ընդդիմության նախաձեռնության մասին՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ, ասել էր, որ այսօր աշխարհի շատ երկրներում գործում է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգը, եւ Հայաստանի համար այս պահին այս երկու ընտրակարգերն էլ տեղին են: Ըստ ԱԺ նախագահի՝ ընտրությունների արդար եւ նորմալ անցկացման համար ընտրական համակարգերի ինչպիսին լինելը ոչ մի նշանակություն չունի: Սամվել Նիկոյանը նաեւ ընդդիմադիր գործընկերներին առաջարկել էր ակտիվ լինել նաեւ մեծամասնականով ընտրակարգում: Բացի այս, ասվել էր նաեւ, որ ընդդիմությունը բավականին ուշ է ներկայացրել իր այս նախաձեռնությունը, եւ նաեւ այդ պատճառով է այս նախաձեռնությունը դիտարկվում որպես նախընտրական շոու:
Երեկ ինձ զանգահարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ իր մեկնաբանությունները ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցված որոշ մտքերի առնչությամբ:
«Ժառանգության» ներկայացուցիչն ասաց. «Ժառանգությունը» դեռեւս 2008-ից ի վեր երկու անգամ ներկայացրել է «Ընտրական օրենսգիրք», որտեղ եղել է հարյուր տոկոսանոց համամասնականը՝ դրան գումարած նաեւ ՀՅԴ-ի հետ համատեղ ներկայացվել են հրապարակային առաջարկներ, որոնցում եւս եղել է հարյուր տոկոսանոց համամասնականը, իսկ ինչ վերաբերում է ներկա առաջարկին, ապա պետք է նշեմ, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքը նաեւ հնարավորություն է տալիս արտահերթ կարգով արտահերթ նիստ հրավիրել, հատուկ ընթացակարգ է սահմանվում նաեւ հարցերի համար, եւ բացարձակ պետք չէ, որ առաջին ընթերցումից մինչեւ երկրորդը այդքան երկար ժամանակ անցնի»:
Կարդացեք նաև
Հիշեցնելով պարոն Նիկոյանի խոսքը՝ ասացինք, որ անգամ այդ դեպքում, ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի, հարկ կլինի սպասել եւ ստանալ գլխադասային հանձնաժողովի հատուկ կարծիքը քննարկվող հարցի վերաբերյալ: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ մեկը մյուսին չի խանգարում. «Չի խանգարի, որեւէ ձեւով չի խանգարի, եթե իրենք այդ քաղաքական կամքը ունենան, ապա շատ լավ եղանակ է՝ հարցը լուծելու համար: Ահա այն քայլերի հերթականությունը, որոնք անելու դեպքում ամեն ինչ էլ կհասցվի: Արտահերթ նիստ են հրավիրում «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մեր առաջարկով, եւ այդ նիստի ժամանակ որոշվում է հարցը լսելու հատուկ կարգ, որ առաջինից երկրորդ կամ առաջինից երրորդ յուրաքանչյուր ընթերցումը տեղի է ունենալու երկու-երեք ժամ ընդմիջումով, որովհետեւ առանձնապես փոփոխելու խնդիր էլ չկա, եւ, ըստ էության, հարակից օրենքները, որոնցում փոփոխությունների անհրաժեշտություն կա, մենք եւս ներկայացրել ենք, ուստի նույնիսկ մեկ օրվա նիստում հնարավոր է շատ հանգիստ այդ հարցը լսել, քննարկել եւ ընդունել: Ընդամենը իշխանությունը պետք է ունենա այդ քաղաքական կամքը, ընդառաջ գնա հասարակության եւ ընդդիմության պահանջին եւ վերջապես մի այնպիսի փոփոխություն մտցնի «Ընտրական օրենսգրքում», որը հնարավորություն կտա առաջ շարժվել այս ուղղությամբ, եւ սրանով վերջապես հասարակության մեջ վստահություն կառաջանա գալիք ընտրությունների նկատմամբ»:
Մ. ԵՍԱՅԱՆ