Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումներ՝ «մուննաթով»

Հունվար 18,2012 13:06

Եթե մարդը չի ուզում որեւէ մեկի հետ հանդիպել, եւ դա նրա անձնական կյանքի մի մասն է, ապա նա բազմաթիվ հնարավորություններ ունի այդ հանդիպումներից խուսափելու՝ պահպանելով էթիկայի բոլոր կանոնները: Եթե չի ուզում հանդիպել, բայց պարտավոր է դա անել՝ իր աշխատանքի բնույթից ելնելով, ապա պիտի լավ պատրաստվի այդ հանդիպմանը եւ պատասխան տա դրա արդյունավետության համար: Ես, օրինակ, չեմ երազում ամեն օր որեւէ մեկից հարցազրույց վերցնել, բայց դա իմ աշխատանքն է, եւ ես փորձում եմ այն կատարել հնարավորինս լավ:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը Հայաստանում այնպիսի «մուննաթով» էր հանդիպում ԱԺ որոշ խմբակցությունների ներկայացուցիչների եւ մարտի 1-ին զոհվածների հարազատների հետ, կարծես բոլորովին եվրոպացի չլիներ, այլ փնթփնթան հայ հարս լիներ, որին ստիպում են հյուրերի համար հերթական անգամ սեղան գցել: Նա գրեթե շպրտեց ափսեները սեղանին՝ իր ամբողջ տեսքով ցույց տալով, թե որքան ծանր եւ անհետաքրքիր գործ է կատարել:

Պրեսկոտի պահվածքի մեջ չկար տրամաբանություն. եթե Հայաստանում ամեն ինչ լավ է, եթե մենք անկասելի քայլերով գնում ենք դեպի ժողովրդավարություն, ապա ինչի առթիվ է ԵԽԽՎ-ն մեր վերաբերյալ բանաձեւեր ընդունում, մոնիտորինգի հանձնաժողով ձեւավորում եւ այդ հանձնաժողովի համազեկուցողներ նշանակում: Թող այդ դեպքում հայտարարի, որ ոչ մի մոնիտորինգի կարիք չկա, եւ մենք Եվրոպայի խորհրդում ճիշտ այնպիսի կարգավիճակ ունենք, ինչպիսին ունի իր հարազատ Բրիտանիան: Այդ դեպքում ես կառաջարկեի Շմայսին, Ալրաղացի Լյովիկին եւ, ասենք, Յուվեցի Կարոյին ուղարկել Լոնդոն՝ թող այս անգամ էլ իրենք մոնիտորինգ անեն՝ արդյոք Վեսթմինսթերում ամեն ինչ բարվո՞ք է: Մերոնք սուր աչք ունեն՝ հաստատ Եվրոպական կոնվենցիաների խախտումներ կնկատեն:

Բայց իրողությունը, ինչպես հասկանում եմ, այլ է. վերջին 3,5 տարում Հայաստանի վերաբերյալ բանաձեւեր են ընդունվել հենց այն պատճառով, որ մեզանում կեղծվել են ընտրությունները, մարդիկ են սպանվել, քաղբանտարկյալներ կային, սահմանափակվում էր ցույցերի եւ խոսքի ազատությունը: Իհարկե, թվարկած հարցերից մի քանիսում որոշ առաջընթաց գրանցվել է, սակայն ասել, որ մենք անցել ենք «չվերադարձման կետը», շատ մեծ չափազանցություն կլիներ: Իմ կարծիքով՝ այդ կետը մենք կանցնենք այն ժամանակ, երբ դատարանի առաջ կկանգնեն «մարտի 1-ի» մարդասպանները:

Տրամաբանությունը հուշում է, որ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը գալիս է դիտարկվող երկիրը, որպեսզի լսի շահագրգիռ կողմերի կարծիքը հենց այս խնդիրների շուրջ: Բայց պարոն Պրեսկոտը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ պարզապես կրկնեց Գալուստ Սահակյանի կարծիքը, որը, հավանաբար, նաեւ իր կարծիքն է: Իսկ զոհերի հարազատներին անընդհատ զգուշացնում էր, որ իր ժամանակը սպառված է: Հավանաբար, Անգլիայում այդպես է ընդունված:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031