Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Մարգարյան. «Ընտրակաշառք չի եղել, չի էլ լինելու, իսկ նվերներ եղել են եւ լինելու են»

Հունվար 18,2012 12:52

Վերջին շրջանում մամուլը ողողված է ՕԵԿ-ի ընտրակաշառքների մասին հրապարակումներով: Ըստ այդ նյութերի, կուսակցությունն «Հայասի» օղիներ է բաժանել տարբեր մարզերում, սուրճ, բնական հյութեր եւ այլն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կտրականապես հերքեց, որ իրենք ընտրակաշառք են բաժանել. «ՕԵԿ-ն իր 15-ամյա պատմության մեջ որեւէ անգամ ընտրակաշառք չի բաժանել: Այլ բան, որ ՕԵԿ-ը միշտ էլ իր անդամներին իր հնարավորության չափով տարբեր տոների առթիվ տարբեր նվերներ է տվել, սա հերթական նվերն էր, որ մենք տվեցինք»:

Նա վստահեցրեց, որ ամանորյա տոպրակները բաժանվել են բացառապես ՕԵԿ անդամներին եւ ՕԵԿ-ական ընտանիքներին, իսկ պատահական մարդկանց տոպրակի դիմաց անդամագրվելու խնդիր չի եղել. «Մենք ընտանիքներին բացիկներ էլ ենք տվել, այդ թվում` Նոր տարվա հետ կապված որոշակի ապրանքներ: Ուղղակի ի տարբերություն շատ-շատերի՝ մենք ընդհանուր առմամբ ինչ տրամադրում ենք նվերի տեսքով, որեւէ անգամ չենք ցուցադրել եւ չենք ցուցադրելու: Երկիրը փոքր է, խոսում են` ի՞նչ վատ բան կա այդտեղ»:

Մեր հարցին` բա ինչո՞ւ նախորդ Նոր տարվա նվերների մասին չէին խոսում եւ նման նվերների մասին լուրեր չեղան, միայն այս նախընտրական տարվա մասին նվերները մեջտեղ ելան` նա պատասխանեց. «Չէ,չէ, նախորդ տարի էլ է եղել, սեպտեմբերի 1-ին էլ է եղել, պարբերաբար մենք մեր հնարավորությունների սահմանում բացառապես մեր կուսակիցներին նվերներ ենք անում: Ընտրակաշառք չի եղել, չի էլ լինելու, իսկ նվերներ եղել են եւ լինելու են: Կարծում եմ` ամբողջ աշխարհը գիտի, որ ՕԵԿ-ը միշտ ձայներ վաստակել է, վստահության քվե է ստացել` ջիգյարով ձայներ` առանց քոռ կոպեկի: Մենք միշտ նվերներ էլ ենք տվել, պատվոգրեր էլ ենք տվել, դա ավանդական մեր մոտ կա»:

Մեր հարցին` այն, որ ձեր նախկին կուսակից ընկերը` Սամվել Բալասանյանն էլ Գյումրիում բնակարաններ ու ալեհավաքներ էր նվիրում, սրա հետ կապված ի՞նչ կասեք, գուցե ՕԵԿ-ից նվեր տալու «լավ ավանդույթը» մնացե՞լ է` նա պատասխանեց. «Ես մեկնաբանեցի մեր տեսակետը եւ որեւէ այլ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի քայլը կոռեկտ չեմ համարում մեկնաբանել»: Պարոն Մարգարյանը հարցին` եթե այլ կուսակցություններից նույնպես նման տիպի նվերներ բաժանեն` դա ձեր կողմից չի՞ դիտարկվի` որպես ընտրակաշառք` պատասխանեց. «Ինձ թվում է` պետք է տարանջատել դրանք: Իհարկե, եթե ընտրությունների շեմին` նախընտրական քարոզարշավի ժամանակ, փորձում ես որեւէ բան բաժանել` դա այլ է, իսկ եթե փորձում ես ընդհանուր գործունեության ընթացքում քո կուսակիցներին նվերներ տալ` դա լրիվ այլ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031