Երեկ՝ հունվարի 17-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոն է բուժօգնության համար դիմել Երեւանի Տիգրան Մեծի 8 շենքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբյանը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Հակոբյանը հրազենային վնասվածքը ստացել է ձախ ոտքի ազդրին: Նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մոնումենտի նորակառույց ճանապարհին՝ անհայտ անձի կողմից:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է երեկ կեսօրին Երեւանի Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած խուլիգանության ժամանակ հնչած կրակոցներից: Հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խմբին բժիշկները հայտնել են, որ Տ. Հակոբյանն ի վիճակի չէ բացատրություն տալ:
Ինչպես երեկ տեղեկացրել էր Aravot.am-ը, կեսօրին վիճաբանություն էր տեղի ունեցել «Նիկո» կահույքի սրահի մոտ, որի ժամանակ էլ հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել եւ առգրավել է «ՊՍՄ» տիպի ատրճանակի 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ եւ 2 գնդակ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 4 պարկուճ, 9մմ տրամաչափի մեկ գնդակի բեկոր եւ «Մակարով» տեսակի ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 պարկուճ: Իսկ դեպքի վայրից մոտ 80 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 12 տրամաչափի որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:
Դեպքի վայրից ոստիկանության Արաբկիրի բաժին են տարվել նաեւ արտասահմանյան մակնիշի մի քանի ավտոմեքենաներ:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանը հայտնում է, թե իրեն հայտնի է դարձել, որ կատարված միջադեպի մասին ոստիկանությանը հաղորդում է տվել «Նիկո» ՍՊԸ նախագահ, 54-ամյա Աշոտ Նահապետյանը, որը հայտնել է, թե միջադեպից առաջ մի քանի երիտասարդներ փորձել են մուտք գործել սրահ, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո այդ երիտասարդները վիճաբանել են իր եղբորորդու՝ Էդգար Նահապետյանի հետ եւ 15 րոպե անց հնչել են կրակոցներ: Կրակոցների արդյունքում վնասվել են նաեւ սրահի պատուհանի ապակիները: