Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Թեո Ցվանցիգերը սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստներին կոչ է արել «տղամարդկություն ունենալ»» եւ չթաքցնել իրենց արվամոլ լինելը: Նա միեւնույն ժամանակ ասել է, թե հասկանում է, որ այդպիսիների համար դժվար կլինի կանգնել թիմի առջեւ եւ հայտարարել, որ իրենք հոմոսեքսուալիստ են: Սակայն Ցվանցիգերի համոզմամբ՝ դրա ժամանակը եկել է, քանի որ «հասարակությունն արդեն ըմբռնումով է վերաբերվում այդ խնդրին»:
Հակառակ ֆուտբոլային միության նախագահի, Գերմանիայի ազգային հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը կտրականապես դեմ է դրան: «Ֆուտբոլը գրեթե նույն բանն է, ինչ հին ժամանակներում գլադիատորական մարտերը: Քաղաքական գործիչները կարող են խոստովանել իրենց հոմոսեքսուալ լինելը, քանի որ նրանք շաբաթը մեկ անգամ 60 հազարանոց հանդիսականի առջեւ ելույթ չեն ունենում: Չեմ կարծում, թե հասարակությունն այնքան է առաջ գնացել, որպեսզի սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին նորմալ մարդ համարի», – հակադարձել է 28-ամյա պաշտպանը:
Գերմանիայի պրոֆեսիոնալ լիգաների եւ ոչ մի ֆուտբոլիստ առայսօր չի ընդունել իր հոմոսեքսուալ լինելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ