Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահ. Հայաստանը փախել է իրական ռազմադաշտից

Հունվար 18,2012 11:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը խորին անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Տրենդը, Իլհամ Ալիեւն ասել է այս մասին` հանդես գալով Ադրբեջանի նախարարների խորհրդի նիստում:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանը մեծ անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ: Մենք ստանում ենք այս տեղեկությունները տարբեր աղբյուրներից, եւ նրանք ոչ մի հնարավորություն չունեն դիմակայելու մեր հզորությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընտրություններին նրանք փախան մարտադաշտից: Ձեզ հայտնի է, որ ժամանակին Հայաստանը նույնպես թեկնածու էր: Այնուհետեւ նրանք լուռ մի կողմ քաշվեցին, քանի որ գիտեին, որ չեն կարողանա պայքարել Ադրբեջանի դեմ: Նույն կերպ մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են նրանք փախել իրական ռազմադաշտից»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքերով, կա հակամարտության կարգավորման երկու ուղի` բանակցային եւ ռազմական:

«Մենք նույնպես չենք ուզում պատերազմ: Ո՞վ է ուզում պատերազմ: Առավել եւս` ադրբեջանական պետությունը, որը հասել է այսպիսի մեծ հաջողությունների: Բայց դա չի նշանակում, որ բանակցային գործընթացը դրվելու է մի կողմ, եւ բոլոր ջանքերն ուղղվելու են պատերազմ չսկսելուն: Նման բան չի լինի: Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ սկզբունքորեն համաձայն ենք 2009-ին կողմերին ներկայացված առաջարկներին: Այդ սկզբունքներն առաջ են քաշել համանախագահները, այլ ոչ թե մենք: Եթե այս սկզբունքները դեռ ուժի մեջ են, ապա հակամարտությունը կարելի է կարգավորել: Ուզում եմ եւս մեկ անգամ նշել հիմնական պահերը: Կասկածի տակ չի դրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի քաղաքացիները վերադառնում են գրավված բոլոր տարածքներ եւ ապագայում՝ անորոշ ժամանակ եւ անորոշ ձեւով կներկայացվեն առաջարկներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղին չի կարող շնորհվել որեւէ կարգավիճակ: Եվ, բնականաբար, ադրբեջանական պետությունը եւ ժողովուրդն երբեք չեն կարող եւ չեն համաձայնվի որեւէ կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմից դուրս: Սա են սկզբունքները: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցություններն այս սկզբունքների հիման վրա, եւ եթե հակառակ կողմը նմանատիպ քայլեր նախաձեռնի, ապա խնդիրը լուծում կստանա շատ մոտ ժամանակում: Դրա հետ մեկտեղ, եւ դա գաղտնիք չէ, մենք ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Նա հայտարարել է, որ 2012-ին Ադրբեջանը ռազմական ծախսերին կուղղի $ 3մլրդ 474 մլն:

«Մենք ունենք տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, ձեռք ենք բերում ամենաժամանակակից սպառազինությունները, տեխնիկան, մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հրթիռներ, հրետանի` ամեն ինչը դժվար է թվարկել: Աճում է Ադրբեջանում թողարկվող ռազմական արտադրանքի քանակը եւ տեսականին: Մենք արտադրում ենք շուրջ 600 տեսակ ռազմական արտադրանք: Այսինքն` այսօր ադրբեջանական բանակը մեծ ուժ է, որը մենք կարող ենք օգտագործել եւ կօգտագործենք անհրաժեշտության դեպքում»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031