Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում Է գրել։ Փաստը հետաքրքիր էր հատկապես նրանով, որ Կարեն Խաչատրյանը, բացի փոխքաղաքապետ լինելուց նաեւ ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն Էր։ Մեր թղթակցի հարցին, թե ինչն է դրդել նրան լքել հարազատ կուսակցությունը, վերջինս անչափ օրիգինալ պատասխան է տվել. «Բոլոր տարիներին ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ կատարել եմ իմ գործը՝ համոզված լինելով, որ ծառայել եմ գլխավոր նպատակին՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը։ Էս համոզմունքով էլ ես 2008-ին իմ ձայնը տվել եմ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին։ Հիմա էլ կոալիցիան իրա գործն արդեն կատարել Է, ես Էդպես եմ մտածում, շատերն էլ են տենց մտածում, եւ չեմ ուզում ուրիշ քայլերի դիմեմ։ Ես համ էլ զինվորական եմ եւ համոզված շարունակում եմ գնալ իմ ճանապարհով՝ հավատալով, վստահելով երկրի նախագահի քաղաքականությանը։ Էս ա իմ դիրքորոշումը»։
Մեր թղթակցի հարցին, իսկ հնարավո՞ր է, որ արդեն նախկին ԲՀԿ-ականը համալրի ՀՀԿ շարքերը, Խաչատրյանն ասել է. «Ոչ, ոչ, ես չեմ մտնի կուսակցություն, ես զինվորական եմ։ Ես մտածելու շատ բաներ ունեմ, էս պահին որոշումներ չեմ կայացրել, ընդամենը ուզում եմ մնամ իմ երկրի նախագահի կողքին»։
«Հրապարակ»