Այսօր` հունվարի 18-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Կոմիտաս 24/2 շենքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն: Նշված շենքի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմեցին. «Նկատեցինք, որ BMW մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ դուրս եկավ եւ հարձակվեց տաքսու վարորդի վրա, սկսեց խփել ու երկուսով սկսեցին իրար հայհոյել ու ծեծել: Բարեբախտաբար, մոտակայքով անցնում էին ոստիկաններ, եկան բռնեցին, ու երկուսին էլ` համ BMW-ից իջածին, համ տաքսիստին տարան»: Բնակիչները ֆոտոլրագրողին տեղեկացրել են նաեւ, որ BMW-ի վարորդը փորձում էր դիմադրել ոստիկաններին: Գ.Շամշյանը նաեւ տեղեկացնում է, որ BMW X6 մակնիշի 08 ՈՕ 888 համարանշի ավտոմեքենան պատկանում է «Նեպտուն» մարզահամալիրի տիրոջը, որը հայտնի է «Բանգլադեշցի Համո» մականունով: Այս պահին նրա մեքենան գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի տուգանային հրապարակում: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև