Լրահոս
Օրվա լրահոսը

Մատն ուրիշի վրա տնկելու մանկական հիվանդությունը

Հունվար 18,2012 01:21

Դպրոցականների սիրած հակափաստարկներից է «ինչո՞ւ ես դասից փախել» հարցին պատասխանելը, թե բա էն մեկն էլ՝ դիցուք, մեր դասարանի Սերոբն էլ էր փախել, բա ինչի՞ իրեն դիտողություն չեք անում: Ու նեղանում են, թե քանի որ այդ Սերոբին դիտողություն չէին արել՝ ինձ պատժելը չուզողություն էր:

Այս մանկական յուրօրինակ հիվանդությունը կարծես շատերը չեն հաղթահարում նաեւ հասուն տարիքում:

Ու նաեւ այդ պատճառով է թերեւս փողոցի կեղտի եւ փոշու մեջ կանաչի վաճառողը պնդում, թե քանի դեռ երկիրն այս վիճակում է՝ աշխատատեղեր չկան, աշխատավարձերը ցածր են եւ այլն՝ ինքն էլ այդպես պետք է վաստակի իր տան ապրուստը: Իսկ մինչ այդ ոչ ոք իրենից իրավունք չունի պահանջելու հարգել գոնե սանիտարական որոշակի կանոններ:

Մարդուն ասում են՝ ինչո՞ւ ԱՊՊԱ-ի կտրոն չունես: Նա պատասխանում է՝ բա ՀՀ ոստիկանապետն ինչի՞ չի կպցնում. ես էլ չեմ կպցնի, մինչեւ նա չկպցնի:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կապակցությամբ դիտողություն է արվում, թե չարժե «ազգային փոքրամասնությունների համար տրվող հաղորդումները» դարձնել վահան՝ չհարգելու օրենքով սահմանված պահանջը, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիո-հաղորդումների լեզուն գրական հայերենն է»: Ի պատասխան էլի մատն այլոց վրա է տնկվում՝ բա, սերիալների լեզուն, բա էն մյուս հաղորդումները…

Սերիալների ու դրանց լեզվի մասին գրվում է անդադար: Անընդհատ գրել ենք նաեւ այն մասին, որ թեեւ վաղուց ավարտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված անցումային փուլը, երբ մեր եթերում կարող էին լինել օտարալեզու՝ առանց համընթաց թարգմանության, գեղարվեստական ու մուլտիպլիկացիոն կինոնկարներ՝ դրանք շարունակվում են ցուցադրվել գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից՝ մեկ-երկու բացառությամբ: Եվ շարունակելու ենք գրել՝ միամիտ հույսեր փայփայելով, որ ՀՌԱՀ-ն ի վերջո ուշադրություն կդարձնի այս խախտումներին ու կկիրառի օրենքով սահմանված իր լծակները:

Բայց խոսքն այժմ այդ մասին չէ, այլ մատն ուրիշի վրա տնկելու այդ մանկական սովորության: Իհարկե, համադասարանցի Սերոբը գուցե ուսուցչի տղա է՝ դրա համար նրան դասից փախչելու համար նկատողություն չեն անում ու սա անարդար է: Ճիշտ է նաեւ, որ աշխատատեղեր չկան ու աշխատավարձերը փոքր են, ու այս պայմաններում խիստ բարդ է ապրուստը հոգալը: Հիմնավոր է նաեւ մեր գլխավոր խմբագրի այն պնդումը, թե «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին մասնակցում են մեր ժողովրդի «ոչ ամենաանարժան զավակները, որոնք դրսեւորում են իրենց ոչ այնքան վատ հատկանիշները»: Եվ վերջապես՝ բացարձակ ճիշտ է նաեւ, որ օրենքն առաջին հարգողը պիտի իրավապահները լինեն, ու լավ է, որ ՀՀ ոստիկանապետը մամուլի հրապարակումից հետո ի վերջո վերացրեց խախտումը:

Սակայն այս կապակցությամբ մի շատ ուսանելի պատմություն եմ ուզում պատմել: Երբ հայ ընկերուհուս ֆրանսիացի ամուսինը տոպրակի մեջ էր առանձնացրել վերամշակման ոչ ենթակա մարտկոցները՝ դրանք առանձին աղբարկղի մեջ նետելու համար, ընկերուհուս մայրը զարմացել էր, թե ձեր երկրում ապրող արաբներն ու մնացած այլազգիները հաստատ այդպես չեն վարվում: Ֆրանսիացին պատասխանել էր. «Ես իմ բաժին բնությունն եմ փրկում»:

Հեչ չեմ սիրում կոչեր անել, բայց այս դեպքում կարծես հնարավոր չէ դրանցից խուսափել: Ամեն մեկս թող իր մասով պատասխան տա՝ իր բաժին մայրենի լեզուն հրապարակային խոսքում չոտնահարելու եւ մեր եթերում դրա բաժինն առավել չփոքրացնելու, իր մասով նորմալ պայմաններ ստեղծելու, նաեւ իր մասով օրենքը հարգելու: Փորձենք պատասխան տալ սեփական զանցանքների համար՝ առանց ձգտելու արդարացնել այն մեկ ուրիշի խախտմամբ: Սա է ենթադրում առնվազն հասուն մարդու պահվածքը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031