Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյանն ասում է, թե չի ուզում ՀԱԿ-ի համար գործիք լինել

Հունվար 17,2012 22:05

Երեկ Aravot.am-ի հետ զրույցում «Մարտի 1»-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանն  ասել էր, թե տեղյակ է «Մարտի 1»-ի գործով անցած ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալների` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող իրենց գանգատները ետ վերցնելու մտադրության մասին:

Այսօր մեր զրույցում նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հաստատեց, որ այդ քաղբանտարկյալներից մեկն ինքն է ու իսկապես մտադիր է իր գործը ՄԻԵԴ-ից հետ կանչել. «Այո, մեկը ես եմ, եւ քանի որ փաստաբանս Հայաստանում չէ, դեռ նրա հետ այդ մտադրությանս մասին չեմ խոսել: Բայց կաշխատեմ խորհրդակցել այլ մարդկանց հետ, քանի որ օր առաջ խիստ անհրաժեշտ եմ համարում այդ դիմումը հետ վերցել, որպեսզի Կոնգրեսի եւ կոնգրեսականների կողմից իմ անունը որպես` քաղբանտարկյալի չշահարկվի»:

Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումն ու ինչո՞ւ այդ խնդիրը հիմա ծագեց եւ ոչ թե մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի առաջ. «Քանի որ թե«Մարտի 1»ից առաջ, թեդրանից հետո, թե«Յոթի գործով» դատավարության ընթացքում ես ապացուցել եմ իմ ով լինելը: Իսկ թե ինչո՞ւ այսօր այդ միտքը ծագեց` բացատրեմ. շատ մտածեցի ու հասկացա, որ մենք ընդամենը գործիք ենք եղել Կոնգրեսի ձեռքին, իսկ Կոնգրեսը փորձել է մեր անունները շահարկել իշխանությունների ու միջազգային կառույցների հետ իր կեղտոտ խաղերում: Ժամանակին Կոնգրեսի առաջնորդը հայտարարում էր, թե պատրաստ է որպես գործիք ծառայել, բայց նրան ոչ մեկն էլ չկարողացավ որպես գործիք օգտագործել, նա էլ սկսեց մեզ օգտագործել որպես գործիք` իր նպատակներին հասնելու համար: Ես պատրաստ չեմ որոշ մարդկանց ձեռքին նրանց շահերի համար որպես` գործիք օգտագործվել»,- այս էր Սիրունյանի պարզաբանումը:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե խոսքը  ոչ միայն իր, այլեւ տասնյակից ավելի նախկին քաղբանտարկյալների մասին էր, ուստի կարո՞ղ է ինքը հստակեցնել, թե ովքե՞ր են այդ մյուսները, անուններ մատնանշել, նախկին քաղբանտարկյալն ասաց, թե այս պահին ինքը որոշել ու խախտել է այդ մյուսների` իր ընկերների, հետ ձեռք բերած  պայմանավորվածությունն ու առաջինն է հայտարարել դրա մասին, որպես` առաջին քայլ. «Մյուսներն իրենց անունները միայն առայժմ չեն հրապարակում զուտ մի պատճառով, որպեսզի տվյալ դեպքում ոչ թե իշխանության, այլ Կոնգրեսի կողմից ճնշումներ չլինեն իրենց եւ իրենց փաստաբանների նկատմամբ: Այն օրը, երբ ՄԻԵԴից մեր գանգատները հետ կանչելու մասին մեր դիմումները կհասնեն ԵԴ` բոլոր այդ տղաները պատրաստ կլինեն իրենց անունները հրապարակել»:

Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ սա լավագույն լուծում չէ, որը նաեւ կարող է այս պահին անձամբ ձեզ ուղղված դավաճանության, ծախվածության կամ իշխանությունների հետ գործարքի գնալու մեղադրանքներ ուղղելու եւ շահարկումների առիթ դառնալ, Սիրունյանը հակադարձեց. «Իշխանությունների հետ համաձայնության գնալը Կոնգրեսի ոճն է: Իմ ոճում իշխանությունների հետ համագործակցության տարբերակն ուղղակի բացառվում է, որովհետեւ ես նման համագործակցության երբեք չեմ գնացել ու չեմ գնա: Եթե գնացող լինեի` այսօր երեւի կլինեի այլ տեղերում եւ այլ աշխատանքի անցած կլինեի: Այդ հնարավորությունը ես բազմիցս ունեցել եմ դեռ 1998-ի խայտառակ հրաժարականից հետո: Ու ընդհանրապես, կարծում եմ, որ մի քանի անգամ մի քանի ուժի ծախված մարդիկ այսօր իրավունք չունեն խոսելու սրա կամ նրա ծախված լինելու մասին»:

Սուրեն Սիրունյանը նաեւ հայտարարեց, որ ՄԻԵԴ-ից իրենց գանգատները հետ կանչելու մտադրություն ունեցող քաղբանտարկյալների թվում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ չկան. «Ի սեր Աստծո, ազատ դեմոկրատներին հանգիստ թողեք: Ես նրանց հետ ընդհանրապես կապ չունեմ, որեւէ կուսակցության հետ կապ չունեմ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում ունեմ ավագ ընկերներ, որոնք նույնիսկ չեն կարող այս ուղղությամբ ինձ խորհուրդներ տալ: Նրանք թող զբաղվեն իրենց կուսակցական գործերով: Ես ունեմ իմ անձնական հարցերը, որոնք առնչվում են Հայ ազգային կոնգրեսի վարած քաղաքականության հետ: Եթե կոնգրեսում այդքան մտածում են քաղբանտարկյալների մասին, նրանց անունը բարձր պահելու մասին կամ վատ են զգում, երբ որեւէ քաղբանտարկյալ իր դիմումը ԵԴից ետ վերցնելու համար, եւ եթե Կոնգրեսը քաղբանտարկյալի արժեքը գնահատող ուժ է` նաեւ պիտի մտածեր, որ քաղբանտարկյալին Կոնգրեսում ծեծի չեն ենթարկում: Խոսքս Քրիստափոր Էլազյանի մասին է: Նա մեր մեջ եղածներից ամենատուժած քաղբանտարկյալներից մեկն է, որը համ ծեծվել է իշխանության, համ ՀԱԿի կողմից եւ այսօր ստիպված է եղել լքել Հայաստանը: Դա ինձ համար մեծ ցավ է»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031