Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհրաձգության կասկածանքով ոստիկանություն են տարվել մի քանի արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ. ժամանել է ԱԺ պատգամավոր

Հունվար 17,2012 21:28

Հունվարի 17-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այսօր՝ կեսօրին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների փաստով։

 

PrevPhoto
NextPhoto

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ–քննչական խումբը Տիգրանյան փողոցի վրա գտնվող «Նիկո» խանութների ցանցի դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել նշված վայրից երկու ավտոմեքենա՝ «ՎԱԶ 2121» մակնիշի 71 TO 001 համարանիշի և «Մերսեդես E-250» մակնիշի 002 ՕՕ 07 համարանիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել նաև տասից ավելի քաղաքացիներ՝ հիմնականում երիտասարդներ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր ասում էին, թե իրենց ընկերներն են բերվել ոստիկանություն, իրենց զրույցում պատմում էին, որ միջադեպը տեղի է ունեցել «Նիկո» կահույքի խանութների ցանցի տիրոջ հարազատների և «Դավիդով» ընկերության տերերի հարազատների միջև։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը` ոստիկանության Արաբկիրի բաժնում հրաժարվեցին ասել՝ պատճառաբանելով, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին ժամանեց ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մխիթարյանը, որը նեղսրտեց, երբ ֆոտոլրագրողը լուսանկարում էր նրա մուտքը Արաբկիրի ոստիկանության շենք։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դարպասների մոտ կայանված էր նաեւ «Պորշ Կայեն» մակնիշի 77 ԼԼ  100 համարանիշի մեքենան, եւ երբ լրագրողը լուսանկարել է այդ մեքենան, վարորդը դիմել է փախուստի: Գ. Շամշյանը հաղորդում է, թե իրեն հայտնի է դարձել, որ այդ ավտոմեքենան պատկանում է «Լիդեր» մականվամբ Հովհաննես Վարդանյանին, որն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, իսկ կռվի մասնակցիների մեջ է եղել նաեւ նրա որդին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Տիգրանյան փողոցում՝ «Նիկո» խանութի մոտ, տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ–մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, Քանաքեռ–Զեյթունի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը, քննիչներ և փորձագետներ։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 13 կրակված պարկուճ՝ 3 տեսակի հրազենից արձակված։ Կրակոցների արդյունքում վնասվել էին «Նիկո» խանութի ապակիները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031