Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված վիճակ Տավուշի մարզի սահմանամերձ Սեւքար գյուղի դպրոցում

Հունվար 17,2012 19:28

Ծնունդով Ենոքավան գյուղից Դավիթ Գաբրիելյանը արդեն 4 տարի Սեւքարի նախկին գյուղսովետի շենքի երկրորդ հարկում երեխաներին սամբո է ուսուցանում: Մարզիչն ասում է, որ պարապմունքների համար ամսական 1000-2000 դրամ (կախված ծնողների սոցիալական վիճակից) վարձ է գանձում: Նրա վկայությամբ` իր 80 սաներից ոմանք չեն կարողանում այդ գումարը վճարել: Մարզիչը հպարտությամբ է պատմում սաների նվաճումների մասին, նրանք Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում, զանազան մրցաշարերում հաջողությունների են հասել:

Մոտ մեկ տարի առաջ Սեւքարի դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը Դավիթ Գաբրիելյանին առաջարկել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել ու նաեւ սամբոյի պարապմունքներն այնտեղ անցկացնել, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո, ըստ մարզչի, դպրոցի տնօրենի ցուցումով դպրոցի ուսուցիչները սկսել են սամբո մարզաձեւի եւ դրա խմբակի դեմ հակաքարոզչություն անել:

Սեւքարի դպրոցի աշակերտները գյուղապետարանում լրագրողիս պատմեցին, որ ուսուցիչները իրենց ծնողներին համոզել են երեխաներին հանել սամբոյի խմբակից, ասելով, որ այլապես տարեվերջին գնահատականների հարցով երեխաները խնդիրներ են ունենալու:

Երեկ սամբոյի խմբակի երեխաները դպրոց են գնացել, որպեսզի դիմում գրեն հարեւան` Սարիգյուղի դպրոց տեղափոխվելու համար: Նրանց ընդունել է ուսմասվար Հասմիկ Հովսեփյանը, ով երեխաներին հաղորդել է տնօրենի խոսքը, որ դպրոցից տեղափոխվելու համար հարկավոր է ծնողների դիմումը: Երեխաները դրանից հետո ծնողների հետ են դպրոց գնացել, սակայն Սամվել Ճաղարյանը նրանց չի լսել, նստել է իր ավտոմեքենան եւ հեռացել :

Այսօր դպրոցի մոտ 70 աշակերտ դասադուլ էր արել, նրանք ծնողների հետ գնացել էին գյուղապետարան: Գյուղապետ Վլադիմիր Մարգարյանի աշխատասենյակում աշակերտները պատմում էին. «Մեր դասղեկ Հասմիկ Ստեփանյանը մայրիկիս ասել է,եթե ես սամբոյի խմբակիս դուրս չգամ, դա ազդելու է իմ տարեվերջյան գնահատականների վրա», «մեր դասղեկ Ալվինա Ամիրջանյանը մեզ ասաց, դուք քննական դասարան եք, այս սամբոյի հարցն ի՞նչ եք անում, չե՞ք ուզում դուրս գալ, դպրոցում ուրիշ մարզաձեւի խմբակ է բացվում: Մենք ասացինք` դուրս չենք գալու», «Ֆիզիկայի ուսուցչուհի Ծովինար Մխիթարյանն ասաց, որ սաղ սամբիստները անասուններ են, ձեր ուղեղները լցրել են տղամարդակային խոսքով, դուք սխալ մտածելակերպ ունեք» եւ այլն:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ իրենց համար անսպասելի է Սեւքարում ստեղծված իրավիճակը, եւ իրենք ուսումնասիրություններ պետք է կատարեն: Հուսանք, որ այդ ուսումնասիրությունները եւ դրանց արձագանքներն իրավիճակին համարժեք կլինեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Առավել մանրամասն՝ տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031